Ապարանի մշակույթի տանը տեղի է ունեցել Ազգային փոքրամասնությունների օրվան նվիրված՝ «Տանիքը՝ Հայաստան» միջոցառումը, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Գերատեսչությունը տեղեկացնում է, որ միջոցառման երկու հիմնական բաղադրիչը մշակույթը և խոհանոցն էին։ Մշակութային ծրագրին հաջորդել է ազգային խոհանոցների ցուցադրությունը՝ ներկաներին հյուրասիրել են ավանդական ուտեստներ՝ ներկայացնելով դրանց բաղադրատոմսերն ու պատրաստման եղանակները։
Ծրագրին մասնակցել են Հայաստանի ասորական, հրեական, հունական, եզդիական, գերմանական, ռուսական, բելառուսական, ուկրաինական, վրացական, քրդական և լեհական համայնքների ներկայացուցիչներ։
««Տանիքը՝ Հայաստան» նախագծի նպատակն է ընդգծել ազգային փոքրամասնությունների մշակութային ներդրումը և Հայաստանի բազմազան մշակութային դիմագիծը»,- ասված է նախարարության հայտարարության մեջ։
Ավելի վաղ նախարարությունից հայտնել էին, որ Ապարանի մշակույթի տան դահլիճում մեկ հարկի ներքո կներկայացվեն ազգային փոքրամասնությունների մշակույթն ու խոհանոցը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







