Կստեղծվի հայ-ամերիկյան կոնսորցիում, որը կհաստատի TRIPP ուղու մոդելները և տեխնիկական նկարագրերը, խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
Նա նշել է, որ կոնսորցիումի նպատակն է հստակեցնել, թե նախագիծն ինչպիսին պետք է լինի, որից հետո երրորդ կողմը կկարողանա մասնակցել քննարկմանը։
«Երրորդ կողմի օպերատորները կկարողանան մասնակցել և սկսել դրա իրագործումը շինարարությունը, շահագործումը, կառավարումը և այլն»,- նշել է նա։
Պատգամավորի խոսքով՝ ԱՄՆ-ի հետ քննարկումներ են տեղի ունենում, որ աշխատանքային խմբեր կամ պատվիրակություններ գան Հայաստան։
Այդ խմբերը կքննարկվեն TRIPP-ի տեխնիկական մանրամասները, կուսումնասիրեն արդեն տեղանքում երկաթուղու, ճանապարհի, այլ հաղորդակցության գծերի անցկացման հնարավորությունները, մանրամասները։
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նաև նախատեսվում է ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղի: Կողմերը նաև նախաստորագրել էին խաղաղության համաձայնագրի նախագիծ, որն օգոստոսի 11-ին հրապարակվել էր ՀՀ ԱԳՆ-ի կողմից: Փաստաթղթի համաձայն՝ կողմերը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և հետագայում նման պահանջներ չեն առաջադրելու:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






