Ադրբեջանական կողմն առաջ է քաշում որոշակի նախապայմաններ, մենք չենք կիսում այդ օրակարգը, լեհական TVP World հեռուստաալիքի հարցազրույցում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը: Նախարարը, միևնույն ժամանակ, ընդգծել է՝ հայկական կողմը պատրաստ է հնարավորինս շուտ ստորագրել խաղաղության պայմանագիրը։
«Այնուամենայնիվ, նույնիսկ խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման արարողությունից առաջ գոյություն ունեն գործընթացներ, որոնք արդեն ընթանում են կամ կարող են ընթանալ մինչև ստորագրումը։ Օրինակ՝ մենք քննարկել ենք միմյանց նկատմամբ ավելի հանդուրժող լինելու հնարավորությունը, կամ նույնիսկ ավելին՝ միջազգային հարթակներում համագործակցության հեռանկարները»,- ասել է նա։
Նախարարի համոզմամբ՝ երկու պետությունների հաշտեցման գործընթացը ժամանակ է պահանջելու, թեև խաղաղությունն արդեն հաստատվել է: Այն, սակայն, երկուստեք պահանջում է մշտական խնամք և ամենօրյա ջանք, վստահ է Միրզոյանը:
«Այս համատեքստում պետք է նշեմ, որ ցանկացած կողմի ագրեսիվ հռետորաբանություն որևէ կերպ չի նպաստում գործընթացին»,- ասել է նա։
Ազգային ժողովը հոկտեմբերի 2-ին 64 կողմ ձայնով ընդունել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջարկած «Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու մասին» խորհրդարանական հայտարարության նախագիծը։
Ադրբեջանը բազմիցս պահանջել է, որ Հայաստանը փոխի իր Սահմանադրությունը:
Միրզոյանն անդրադարձել է նաև Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածություններին և TRIPP («Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի երթուղին») նախագծի իրականացմանը՝ մանրամասնելով. «ՀՀ-ն և ԱՄՆ-ն պատրաստվում են ստեղծել կոնսորցիում՝ ընկերություն, որը կլինի երկաթուղային անցուղու շինարարն ու հիմնական օպերատորը։ Այս կոնսորցիումն, իր հերթին, կարող է ներգրավել երրորդ ընկերության կամ ընկերությունների՝ այս կամ այն աշխատանքը կատարելու կամ ամբողջ անցուղու համար այս կամ այն ծառայությունը մատուցելու համար։ Բացի այդ, կոնսորցիումը կարող է իրականացնել, կառուցել և այնուհետև շահագործել նաև խողովակաշարեր, էլեկտրահաղորդման գծեր և այլն»։
Բոլոր պայմանավորվածությունները, նրա խոսքով, փոխադարձ են լինելու, օրինակ՝ ՀՀ-ն նույնպես պատրաստվում է օգտագործել Նախիջևանի տարածքը՝ Հայաստանի հյուսիսն ու հարավը երկաթուղով իրար կապելու համար։
Հարցին, թե արդյոք արդեն հայտնի՞ է, թե երբ է գործնականում սկսվելու այս երկաթուղային ուղին, կա՞ ժամանակացույց, նախարար Միրզոյանն ասել է, որ այժմ Միացյալ Նահանգներից ժամանած պատվիրակության կամ խմբի հետ միասին պետք է համաձայնեցնեն անցուղու և այն ընկերության, որոնց մասին հիշատակել է, տեխնիկական լուծումները, մանրամասները։ Ամերիկյան կողմի հետ քննարկումներն արդեն սկսվել են։
«Կարծում եմ՝ առաջիկա ամիսներին կարող ենք ավարտին հասցնել այս գործընթացը, և դրանից հետո պետք է մեկնարկի շինարարությունը։ Եթե խոսենք երկաթուղային կապի մասին, մասնագետներն ասում են, որ դրա կառուցումը կարող է տևել, օրինակ, առնվազն երկու տարի։ Բայց մենք խիստ շահագրգռված ենք հնարավորինս շուտ կառուցելու, բացելու և վերագործարկելու Հայաստանի և Ադրբեջանի միջև կապերը, որովհետև, ինչպես ասացի, մենք հիմնական շահառուներից մեկն ենք։ Մենք նույնպես կարող ենք, օրինակ, ուղարկել կամ ստանալ ապրանքներ՝ օգտագործելով Ադրբեջանի ենթակառուցվածքներն ու տարածքը»,- հավելել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նաև նախատեսվում է ստեղծել TRIPP տրանսպորտային երթուղի: Կողմերը նաև նախաստորագրել էին խաղաղության համաձայնագրի նախագիծ, որն օգոստոսի 11-ին հրապարակվել էր ՀՀ ԱԳՆ-ի կողմից: Փաստաթղթի համաձայն՝ կողմերը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և հետագայում նման պահանջներ չեն առաջադրելու:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







