ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լավատեսություն է հայտնել Գազայի հատվածում ռազմական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ համաձայնության հասնելու հնարավորության վերաբերյալ, հաղորդում է Reuters-ը։
«Մերձավոր Արևելքում համաձայնության հասնելու իրական հնարավորություն ունենք։ Բոլորը պատրաստ են ինչ-որ յուրահատուկ, եզակի իրադարձության։ Մենք կհասնենք դրան»,- ասել է Թրամփը։
Ավելի վաղ Վաշինգտոնը ներկայացրել էր Մերձավոր Արևելքի խաղաղ կարգավորման 21 կետից բաղկացած ծրագիր, որը նախատեսում է բոլոր պատանդների վերադարձ, Կատարի վրա Իսրայելի հարձակումների դադարեցում և Իսրայելի ու պաղեստինցիների միջև «խաղաղ համակեցության» համար նոր երկխոսության մեկնարկ։ Գործակալությունը հայտնում է, որ Թրամփը սեպտեմբերի 29-ին հանդիպելու է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ՝ համաձայնագիր կնքելու համար։
Իր հերթին՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները «շատ դժվար» բանակցություններ են վարում իսրայելցի և արաբ առաջնորդների հետ: Վենսը «զգուշավոր հույս» է հայտնել համաձայնության հասնելու վերաբերյալ:
«Ես ավելի լավատես եմ ներկա իրավիճակի նկատմամբ, քան վերջին ամիսների ընթացքում, բայց եկեք իրատես լինենք. ամեն ինչ կարող է փլուզվել վերջին րոպեին»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ ամերիկյան ծրագիրը բաղկացած է երեք հիմնական բաղադրիչներից՝ բոլոր պատանդների վերադարձ, Իսրայելին ուղղված ՀԱՄԱՍ-ի սպառնալիքի վերացում և Գազայում մարդասիրական օգնության ավելացում։ Վենսը վստահություն է հայտնել, որ այդ երեք նպատակներին հասնելուն մոտ են։
«Թրամփը ցանկանում է, որ Գազան կառավարվի այնտեղ ապրող մարդկանց կողմից։ Եվ նա ցանկանում է, որ իսրայելցիների դեմ գործող ահաբեկչական ցանցերը քանդվեն»,- Վենսի խոսքերն է մեջբերել «ՌԻԱ Նովոստին»։
Այս ֆոնին Նեթանյահուն չի բացառել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման անդամների համար համաներման հնարավորությունը։
«Կարծում եմ՝ մանրամասները դեռ պետք է մշակվեն։ Սակայն ասել եմ, օրինակ, որ եթե ՀԱՄԱՍ-ի առաջնորդները հեռացվեն երկրից, եթե նրանք ավարտեն պատերազմը, եթե նրանք ազատ արձակեն բոլոր պատանդներին, մենք նրանց թույլ կտանք հեռանալ։ Բայց այս ամենը դեռ պետք է մանրամասն համաձայնեցվի»,- նշել է նա։
Իսրայելի վարչապետը սեպտեմբերի 8-ին հայտարարել էր, որ Իսրայելը լայնածավալ ցամաքային գործողություն է սկսելու: Նեթանյահուն կոչ էր արել լքել Գազան, այնուհետև մեկնարկել էր ցամաքային հարձակումը Գազա քաղաքի խորքերը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







