ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատապարտել է Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությունը՝ այն որակելով «լկտի զինված հարձակում»:
«Խստորեն դատապարտում եմ Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում տեղի ունեցած լկտի զինված հարձակումը, որի հետևանքով սպանվել է համայնքի ղեկավար Գրիգորյանը և նրա ընկերը։ Եվս մեկ վիրավորված անձ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում», — գրել է նա սոցիալական ցանցերում։
Փաշինյանը նշել է, որ իրավապահները պարտավոր են «շուտափույթ բացահայտել հանցագործության մեջ ներգրավված բոլոր անձանց»։
Վարչապետը շեշտել է, որ մանրամասն վերլուծության պետք է ենթարկել հարցը, թե կանխարգելիչ ինչպիսի գործողություններ պետք է կատարվեին Փարաքարում բռնությունների շարք թույլ չտալու համար, ովքեր պիտի կատարեին այդ գործողությունները և ինչու չեն կատարել։
Սեպտեմբերի 24-ի գիշերը ՆԳՆ-ն հայտնել էր Գրիգորյանի և քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանի սպանության, ինչպես նաև Արծրուն Գալստյանի վիրավորվելու մասին: Գրիգորյանը Փարաքարի ղեկավար էր ընտրվել մարտին կայացած ընտրությունների արդյունքներով։ Նա առաջադրվել էր ընդդիմադիր «Միասնություն» դաշինքից, որի կազմում էին «Ապրելու երկիր» և «Հաղթանակ» կուսակցությունները։
Փետրվարի 5-ի գիշերը զինված հարձակում էր տեղի ունեցել Մերձավանի ղեկավար Մհեր Ախտոյանի տան ուղղությամբ, զոհվել էր նրա հորաքրոջ որդին, վիրավորվել՝ ընկերը: Հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորվել էր նաև Գրիգորյանի եղբայրը՝ 37-ամյա Պայքար Գրիգորյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







