ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը մոտ 5,2 միլիոն դրամ աշխատավարձ է ստանում, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրին։
Թերթը նշել է, ոչ Պետրոսյանին բարձր աշխատավարձ վճարելու պարտավորությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ «դրվել է ՀԷՑ-ի սեփականատիրոջ` Սամվել Կարապետյանի վրա»։
Ըստ լրատվականի՝ Պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնում Պետրոսյանն ստանում էր 790 հազար դրամ աշխատավարձ։ Նա ՀԷՑ մտնելուց առաջ հայտարարել էր, որ հանուն ՀՀ-ի է գնում ՀԷՑ՝ այն «առողջացնելու նպատակով»։
Հուլիսի 18-ին Պետրոսյանը նշանակվել էր ՀԷՑ ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Նրա նախաձեռնությամբ չեղարկվել էր ավելի քան 3 մլրդ դրամ նախահաշվային արժեքով գնման 4 գործընթաց։
Հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի կողմից նշանակված հրատապ արբիտրաժը պարտավորեցրել էր ՀՀ-ին ձեռնպահ մնալ ՀԷՑ-ի բռնագրավմանն ուղղված հետագա այլ քայլերից։
Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հուլիսի 23-ին հայտնել էր, որ նա և նրա ընտանիքը հաղթել են Հայաստանի կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործը ՀԷՑ ընկերության պետականացման հարցով: Կառավարությունն արձագանքել էր այս լուրին՝ նշելով, որ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի՝ հրատապ գործով քննված հարցերի շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները և վերջինիս կողմից իրականացվելիք գործողությունները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







