Արդեն 1 տարի 7 ամիս է՝ մարտական գործողությունների արդյունքում սահմանին որևէ զինվոր չի զոհվել, «Հանրային» հեռուտաընկերության եթերում ասել է Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։ Նա այդ մասին խոսել է՝ անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման հարցին։
«Մեր նպատակն է անել այնպես, որ մեր սահմանների շուրջ լինի խաղաղություն։ Ընդդիմությունը կարող է մարդկանց համոզել, որ խաղաղություն չկա, բայց 1 տարի 7 ամիս զինվոր չի զոհվել սահմանին։ Դա փաստացի խաղաղության կոմպոնենտներից մեկն է»,- ասել է նա։
Ռուբինյանը հավելել է, որ Վաշինգտոնից Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները մեկնել են իրենց երկրներ ու երկուսն էլ հայտարարել են, որ հակամարտությունն ավարտված է։ Ռուբինյանի խոսքով՝ դա կարևոր է, անհրաժեշտ է դրա վրա ամրապնդել քաղաքականությունն ու խաղաղությունն ինստիտուցիոնալիզացնել։
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նաև նախատեսվում է ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղի: Կողմերը նաև նախաստորագրել էին խաղաղության համաձայնագրի նախագիծ, որն օգոստոսի 11-ին հրապարակվել էր ՀՀ ԱԳՆ-ի կողմից: Փաստաթղթի համաձայն՝ կողմերը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և հետագայում նման պահանջներ չեն առաջադրելու:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







