ՀՀ իշխանությունների կողմից ուրբաթ կեսօրին հրապարակված Վաշինգտոնյան պայմանավորվածությունների փաստաթուղթը բաց է թողնում Սյունիքի հատվածն 99 տարով վարձակալելու մասին հայտարարությունը, ԱԺ ճեպազրույցում ասել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Ըստ նրա՝ վարձակալության մասին հայտարարել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը, հետևաբար՝ պետք է ենթադրել, որ կա ևս մեկ պայմանավորվածություն, որը չի հրապարակվել։
«Ի՞նչ է այս թուղթն ասում․ 1 տարի հետո 3 անգամ կարող է հետաձգվել, այսինքն՝ 3-4 տարվա մասին ենք խոսում։ Դրանից առաջ էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել էր՝ եթե մենք երկաթուղին կառուցեինք, մեկ տարում կկառուցեինք, Հայաստանն այդքան փորձ չունի և նրանց երեք տարի պետք է։ Ես ողջամիտ կասկած և մտահոգություն ունեմ, որ ենթակառուցվածքները կառուցելուց հետո 99 տարով երրորդ կողմին վարձակալության հանձնելու հարցը դառնալու է օրակարգային՝ մանավանդ, որ օգոստոսի 27-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ երրորդ կողմին վարձակալության տալու հարցն առայժմ չկա»,- նշել է Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ լուրջ անվտանգային խնդիրների առաջ ենք կանգնած։
«Թե՛ երկկողմ հարաբերություններում, թե՛ տարածաշրջանային ռիսկեր եմ տեսնում»,- եզրափակել է նա։
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նաև նախատեսվում է ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղի: Կողմերը նաև նախաստորագրել էին խաղաղության համաձայնագրի նախագիծ, որն օգոստոսի 11-ին հրապարակվել էր ՀՀ ԱԳՆ-ի կողմից: Փաստաթղթի համաձայն՝ կողմերը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և հետագայում նման պահանջներ չեն առաջադրելու:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






