ԱՊՀ-ն հույս ունի, որ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված փաստաթղթերը կծառայեն որպես խաղաղության համաձայնագրի հիմք, հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը՝ Համագործակցության անդամ պետությունների կանոնադրական և այլ մարմիններում մշտական լիազոր ներկայացուցիչների խորհրդի հաջորդ նիստից առաջ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Ինչպես մենք բոլորս Համագործակցության երկրներում գոհ էինք Ղրղզստանի և Տաջիկստանի միջև միջպետական սահմանի վերաբերյալ պայմանագրի ստորագրումից, այնպես էլ հիմա մենք՝ Համագործակցության երկրներում, շատ գոհ ենք այս համատեղ հռչակագրի ստորագրումից»,- ասել է նա։
Լեբեդևը կարծում է, որ սա տարաձայնությունների վերջնական կարգավորման և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման ճանապարհին փուլերից մեկն է։
Նա հավելել է, որ խաղաղության համաձայնագիրը «հնարավորություն կտա ԱՊՀ բարձրագույն մարմինների ավելի լիարժեք հանդիպումներ անցկացնել այս հանրապետությունների տարածքում»։
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները օգոստոսի 8-ին Սպիտակ տանն ԱՄՆ-ի միջնորդությամբ խաղաղ կարգավորման հռչակագիր էին ստորագրել, որով նախատեսվում է նաև ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղի: Երթուղին պետք է Ադրբեջանը միացնի Նախիջևանին Հայաստանի հարավով և գտնվի ամերիկյան կոնսորցիումի կառավարման ներքո։ Կողմերը նախաստորագրել էին նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը և հանդես եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին ուղերձով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







