ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եվրոպացի առաջնորդներին տեղեկացրել է Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու իր պատրաստակամության մասին, բայց պայմանով, որ դա կապված չլինի ՆԱՏՕ-ի հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Bloomberg-ին:
Ըստ աղբյուրների՝ ԱՄՆ նախագահը նաև պնդել է, որ երաշխիքների նման ձևաչափը՝ առանց Հյուսիսատլանտյան դաշինքի մասնակցության, կհամապատասխանի Ռուսաստանին:
Ավելի վաղ CNN-ը հայտնել էր, որ Ալյասկայում գագաթնաժողովից հետո ԵՄ երկրների ղեկավարների հետ հեռախոսազրույցի ժամանակ Թրամփը բարձրացրել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը՝ ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածի ոճով: Թրամփի առաջարկի մանրամասները չեն նշվում, և պարզ չէ, թե ինչպես են երաշխիքներն իրականացվելու:
ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածը ենթադրում է, որ դաշինքի մեկ կամ մի քանի երկրների վրա զինված հարձակումը կհամարվի հարձակում դաշինքի վրա։ Այս դեպքում յուրաքանչյուր պետություն պարտավորվում է իրականացնել պատասխան գործողություններ, մինչև ներառյալ «զինված ուժի կիրառումը՝ Հյուսիսատլանտյան տարածաշրջանի անվտանգությունը վերականգնելու և հետագայում պահպանելու նպատակով»։
ՌԴ և ԱՄՆ նախագահները բանակցություններ էին վարել օգոստոսի 16-ի գիշերը։ Հանդիպումից հետո կողմերը, մասնավորապես, հայտարարել էին, որ համաձայնության են եկել Ուկրաինայի վերաբերյալ որոշ կետերի շուրջ, բայց մի շարք հարցերի առումով դեռևս համաձայնություն չկա։ Պուտինը շեշտել էր, որ առճակատման ժամանակն անցել է և Թրամփին հրավիրել է Մոսկվա։
Ըստ ԶԼՄ-ների՝ Պուտինն առաջարկել էր սառեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայի ճակատի մեծ մասում, եթե Կիևը դուրս բերի զորքերը Դոնեցկի մարզից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







