Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ երկու երկրների դիրքորոշումները համընկնում են կարևոր տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ, հայտնում է IRNA-ն։
Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ Արաղչին ընդգծել է երկու երկրների միջև խորհրդակցությունների և համագործակցության շարունակման և ամրապնդման անհրաժեշտությունը՝ ընդհանուր շահերը պաշտպանելու համար:
Իրանցի նախարարը նաև ընդգծել է Հարավային Կովկասում առկա խնդիրների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը տարածաշրջանի երկրների կողմից, ինչպես նաև խնդիրները լուծելու համար տարածաշրջանային այնպիսի մեխանիզմների ներուժի օգտագործումը, ինչպիսին է «3+3» ձևաչափը։ Ըստ նրա՝ դա նպաստի համագործակցության ու ինտեգրացիայի ընդլայնմանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության ու կայունության ապահովմանը:
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները օգոստոսի 8-ին Սպիտակ տանն ԱՄՆ-ի միջնորդությամբ խաղաղ կարգավորման հռչակագիր էին ստորագրել, որով նախատեսվում է նաև ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղի: Երթուղին պետք է Ադրբեջանը միացնի Նախիջևանին Հայաստանի հարավով և գտնվի ամերիկյան կոնսորցիումի կառավարման ներքո։ Կողմերը նախաստորագրել էին նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը և հանդես եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին ուղերձով:
Օգոստոսի 10-ին Իրանի իշխանությունները հայտնել էին, որ Սյունիքով անցնող միջանցքի նախագիծը, որը համաձայնեցվել է Հայաստանի և Ադրբեջանի կողմից, հաշվի է առնում Թեհրանի հիմնական պահանջները։
Միևնույն ժամանակ, Իրանի արտաքին գործերի նախարարությունը զգուշացրել էր, որ տարածաշրջանում ցանկացած օտարերկրյա ներկայություն կարող է բացասաբար անդրադառնալ խաղաղության և կայունության վրա, բայց ընդհանուր առմամբ, ողջունել է համաձայնագրի ստորագրումը:
Մինչ այդ, Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել էր, որ Իրանը կխոչընդոտի ամերիկյան, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» ստեղծմանը, ինչը, ըստ նրա, կհանգեցնի Հայաստանի «քայքայմանը»:
Օգոստոսի 13-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը հայտարարել էր, որ Ռուսաստանը ձեռնպահ է մնում «Թրամփի ուղին՝ խաղաղության և բարեկեցության համար» (TRIPP) նախագծի գնահատականից մինչև դրա բոլոր մանրամասների հրապարակումը։ Նա նաև ասել էր, որ Սյունիքի մարզում հաղորդակցությունների ապաշրջափակման ժամանակ պետք է հաշվի առնել ռուս սահմանապահների ներկայությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







