Երևանի բնակչուհին շուրջ մեկ տարի ենթարկվել է սեռական շահագործման, ձերբակալվել է նրան թրաֆիքինգի ենթարկած 41-ամյա տղամարդ,հայտնում է Քննչական կոմիտեն։
Մասնավորապես, Արագածոտնի մարզի 41-ամյա բնակիչը, 2021 թվականին տաքսի ծառայություն մատուցելու ընթացքում ծանոթանալով Երևանի բնակչուհու հետ, նպատակադրվել է վերջինիս ենթարկել սեռական շահագործման։
Ըստ ՔԿ-ի՝ ծանոթությունից օրեր անց հիշյալ կնոջն առաջարկել է զբաղվել մարմնավաճառությամբ, որին վերջինս համաձայնվել է: 41-ամյա տղամարդը, նրա նկատմամբ պարբերաբար բռնություն գործադրելով, ինչպես նաև վերջինիս և նրա երեխաների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով, նրանից վերցրել է մարմնավաճառության արդյունքում աշխատած ամբողջ գումարը։
«2021թ․ հոկտեմբերից մինչև 2022թ․ հոկտեմբերը Երևանի բնակչուհին, գտնվելով շահագործման վիճակի մեջ, զբաղվել է մարմնավաճառությամբ և դրա արդյունքում աշխատած՝ օրական միջինը 200․000 դրամ գումարը փոխանցել է 41-ամյա տղամարդուն։ Երբ նշված կինը հրաժարվել է մարմնավաճառությամբ զբաղվելուց և գումարները տղամարդուն փոխանցելուց, վերջինս ամեն անգամ նրա նկատմամբ բռնություն է գործադրել և ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցրել»,- գրում է կոմիտեն։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 41-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասով (մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը, պատժվում է ազատազրկմամբ՝ 5-8 տարի ժամկետով): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։
Քննչական կոմիտեն հայտնում է, որ նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







