Փաշինյանը Հանրային հեռուստատեսության եթերում հայտնել է Տավուշի մարզի Կիրանց գյուղի տարածքում սահմանազատման հետագա գործողությունների մասին։
Վարչապետի խոսքով՝ Կիրանցի տարածքում կա 11 կետ, որոնք ենթակա են սահմանազատման։ Ըստ Փաշինյանի՝ այս 11 կետի «մի հսկա մասում» կիրանցիները չեն վիճարկում սահմանազատումը։
«Առաջիկա օրերին կսկսենք այն հատվածի սահմանազատումը, որը չի վիճարկվում, այդ թվում՝ Կիրանցի ժողովրդի կողմից, իսկ մյուս 3 կետի շուրջ լուծումներ կփնտրենք»,- ասել է վարչապետը։
Նրա խոսքով՝ նախքան տարածքների հանձնումը, գյուղի դպրոցը հիմա էլ է գտնվում ադրբեջանական կողմի նշանառության տակ։ «Եթե երևալու խնդիր է, ես ասել եմ՝ կարող ենք ծառ տնկել, կարող ենք պատ կառուցել»,- նշել է նա:
Վարչապետը նաև ասել է, որ կառավարությունը նախատեսում է լուծել գյուղի բնակիչների սեփականության վկայականների հարցը․ «Սեփականության վկայականներ կան, փաստաթղթեր կան: Մենք չենք կարող դրանց հետ չառնչվել, չենք կարող չնկատել, չենք կարող ասել՝ չէ, չկա այդպիսի բան: Պետք է առնչվենք, պետք է խոսենք մարդկանց հետ, պետք է հասկանանք, պետք է հիմքերը պարզենք»:
ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին։ Ապրիլի 19-ից մեկնարկած ակցիաները հաջորդող օրերին սկսվել են նաև ՀՀ այլ մարզերում։
Ապրիլի 29-ին վարչապետի հետ հանդիպումից կիրանցիները մտահոգ ու վրդովված էին դուրս եկել։ Կառավարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Փաշինյանը կիրանցիներին առաջարկել է «համատեղ քննարկումների միջոցով» լուծել խնդիրները։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հայտնել էր, որ հանդիպումից հետո գյուղի բնակիչները նորից հայտնվել են անորոշության, վախի մեջ։ Նրա խոսքով՝ մարդիկ արդեն մտածում են ամենավատի մասին ու շոկի մեջ են։ Բացի դրանից, կիրանցիների արած ողջամիտ առաջարկներից ոչ մեկը չի ընդունվել։
Մայիսի 1-ին Կիրանց համայնքի ղեկավար Կամո Շահինյանը հայտնել էր, որ կառավարությունից 60% երաշխիք են տվել, որ սահմանազատման դեպքում տուն չի հայտնվելու ադրբեջանական կողմում։
Մանրամասները՝ տեսանյութում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






