Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի կողմից 17-ամյա մատուցողի գլխին, մարմնի այլ մասերին առնվազն 23 հարված հասցնելու վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան, հայտնում են Գլխավոր դատախազությունից։
Նշվում է, որ ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում ղեկավար պաշտոն զբաղեցնող անձը 2023 թվականի ապրիլի 10-ին՝ Դիլիջան քաղաքի ռեստորանահյուրանոցային համալիրներից մեկում վճարման հետ կապված հարցով վիճաբանության մեջ է մտել 17-ամյա մատուցողի հետ, ինչից հետո ձեռքի ափով երկու անգամ հարվածել է անչափահասի դեմքին, ապա հրելով տարել համալիրի խոհանոց: Այնտեղ խոհարարի ներկայությամբ առնվազն 23 հարված է հասցրել։
Ոստիկանության պաշտոնյայի նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով):
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







