Բաքուն քննադատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի արած հայտարարությունները, որտեղ նա փետրվարի 13-ին Ներքին Հանդի ուղղությամբ Ադրբեջանի իրականացրած գործողություններն «անհամաչափ պատասխան հարված» էր համարել։
Ադրբեջանի ԱԳՆ-ն Ադրբեջանին անհամաչափ պատասխանի մեջ մեղադրելու հայտարարությունն «անթույլատրելի» է որակել։ Բաքուն նեղսրտել է, որ այդ հայտարարությունը Ֆրանսիայի նախագահն արել է՝ «միաժամանակ զերծ մնալով Հայաստանին քննադատելուց»։
«Նման կանխակալ մոտեցումները պետք է դադարեցնել։ Ֆրանսիայի նենգ քաղաքականությունն ուղղված է տարածաշրջանում նոր լարվածության ստեղծման, խաղաղությանն ու կայունությանը խոչընդոտելուն, ինչը որևէ արդյունք չի տալու»,- հավելել են Ադրբեջանի ԱԳՆ-ում։
Փետրվարի 21-ին Փարիզում Մակրոնը հայտարարել էր, որ «Ֆրանսիան ափսոսանք է հայտնում Ադրբեջանի անհամաչափ պատասխան հարվածի համար, որի արդյունքում հայկական կողմն ունեցավ չորս զոհ, մեկ վիրավոր»։
Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության նոր ալիք էր սկսվել փետրվարի 12-ին, երբ ադրբեջանական կողմը հայտնել էր հայկական դիրքապահի կողմից արձակած կրակի հետևանքով իր մեկ վիրավորի մասին: Հայկական կողմը հայտարարել էր, որ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կապան-Զանգելան հատվածում հայ դիրքապահների կողմից կրակ բացելու տեղեկատվությունը հետաքննվում է, նախնական տեղեկատվությամբ՝ փետրվարի 12-ին տվյալ տեղամասում նման իրադրություն առկա չի եղել:
ՀՀ ՊՆ-ն փետրվարի 13-ին հայտնել էր, որ սահմանին ադրբեջանական կողմի կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր։ Գերատեսչությունը հրապարակել էր զոհված զինվորականների անունները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






