ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության փետրվարի 15-ի նիստում Ադրբեջանին առաջարկել է սահմանազատման գործընթացն անցկացնելու երկու տարբերակ։
«Նախ ամբողջ սահմանով իրականացվում է սահմանագծում, և անցնում ենք դրա իրագործմանը, երկրորդ տարբերակն այն է, որ կտորների ենք բաժանում սահմանը և կտոր-կտոր սահմանագծմամբ գնում ենք առաջ: Ըստ էության՝ 2 տարբերակն էլ մեզ համար ընդունելի է»,- ասել է կառավարության ղեկավարը` հավելելով, որ Ադրբեջանը խուսափում է նաև այս տարբերակից։
Ըստ վարչապետի՝ Ադրբեջանը հետաքրքրություն չի ցուցաբերում սահմանային կայունության և անվտանգության ապահովման հարցում և դրա հիմնավորումները բազմաթիվ են։
«Դեռևս 2022 թվականին պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ սահմանազատման հարցերով հանձնաժողովների մանդատի մեջ պետք է ներառվեն նաև սահմանային անվտանգության հարցերը։ ՀՀ-ն պայմանավորվածության համաձայն ստեղծեց ՀՀ և Ադրբեջանի հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով՝ ենթադրելով, որ այդ պայմանավորվածության համաձայն՝ հանձնաժողովները նաև սահմանային անվտանգության հետ կապված հարցերով կաշխատեն»,- հիշեցրել է Փաշինյանը։
Երկրի ղեկավարի խոսքով՝ ըստ միջազգային հարթակներում գրավոր կերպով հրապարակային արձանագրված պայմանավորվածության՝ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, և այդ հռչակագիրը պետք է լինի սահմանազատման գործընթացի քաղաքական հիմքը։
«Սա նշանակում է, որ մեզ մնացել է, ըստ էության, տեխնիկական աշխատանք, քարտեզների և գետնի վրա վերարտադրել հայկական և ադրբեջանական ԽՍՀ-ների միջև 1991 թվականի դրությամբ դե-յուրե առկա սահմանը՝ դրանց իրավական հիմքերը վեր հանելու միջոցով և լուծել հարցը»,- շեշտել է Փաշինյանը:
Նրա համոզմամբ՝ նույն սկզբունքով պետք է հասցեագրել նաև այսպես կոչված՝ էքսկլավ-անկլավների հարցը, ասենք՝ Արծվաշենի տարածքը որոշելու համար պետք է իրավական փաստաթղթերի հիման վրա գծել նրա սահմանը և հետագա բանակցությունների արդյունքում՝ որևէ բանաձևով, լուծել նաև այդ հարցը, բայց Ադրբեջանը պարբերաբար խուսափում է գնալ նման լուծումների։
«Մենք պատրաստ ենք անգամ սահմանագծում իրականացնել մարզ առ մարզ՝ ամեն հատվածում վերարտադրելով սահմանը և ապա իրականացնել զորքերի դիրքավորման ճշգրտում՝ ըստ վերարտադրված սահմանի և անցնել հաջորդ հատվածին, իսկ էքսկլավային հարցերը թողնել ամենավերջին փուլին»,- ասել է Փաշինյանը։
Հայաստանն ու Ադրբեջանը հունվարի 31-ին Իջևան-Ղազախ հատվածում անցկացրել էին սահմանազատման հանձնաժողովների վեցերորդ հանդիպումը։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը փետրվարի 9-ին չէր բացառել մոտ ապագայում սահմանազատման շուրջ յոթերորդ հանդիպումը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







