ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե Ռուսաստանը ներկայումս չի կարող ռազմական ոլորտում լինել Երևանի գլխավոր գործընկերը։
«Մեր երկրները մնում են դաշնակիցներ: Հայ ժողովրդի շահերը կախված են Ռուսաստանի հետ բարիդրացիական կապերից: Մենք հուսով ենք, որ Հայաստանի ղեկավարությունը դա հաշվի կառնի և ներկայիս աշխարհաքաղաքական վերափոխումների ֆոնին ճիշտ ընտրություն կկատարի։ Կցանկանայի ընդգծել. դա ճիշտ [ընտրություն] չէ Ռուսաստանի տեսանկյունից, այլ Հայաստանի ժողովրդի շահերի տեսանկյունից»,- նշել է նա։
Զախարովայի խոսքով՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև գոյություն ունի հուսալի երկկողմ իրավապայմանագրային դաշտ անվտանգության և ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում։
ԱԳՆ ներկայացուցիչը թվարկել է այդ փաստաթղթերը, մասնավորապես, նշելով 1997 թվականի «Բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագիրը» և 1995 թվականի համաձայնագիրը՝ Հայաստանի տարածքում ռուսական ռազմակայանի մասին, ինչպես նաև միասնական տարածաշրջանային ՀՕՊ ստեղծելու մասին համաձայնագիրը:
«Երկու կողմերն էլ միմյանց նկատմամբ պարտավորություններ ունեն, այդ թվում՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և անվտանգության պաշտպանությունը։ Երևանը նույնպես ՀԱՊԿ-ի շրջանակներում գտնվում է կոլեկտիվ երաշխիքների ներքո, այդ թվում՝ հնարավոր ագրեսիայի դեպքում»,- ընդգծել է նա՝ նշելով, որ 2016 թվականին Հավաքական անվտանգության պայմանագրի մշակման և ամրապնդման նպատակով Երևանն ու Մոսկվան ստորագրել են ուժերի միացյալ ստորաբաժանման մասին համաձայնագիր։
Զախարովան շեշտել է, որ «վերադարձը ՀԱՊԿ-ի շրջանակներում ակտիվ փոխգործակցությանը համապատասխանում է, առաջին հերթին, հենց Հայաստանի շահերին»։ «Մենք համոզված ենք, որ ի տարբերություն ԵՄ առաքելության կեղծ դիտորդների, որոնք զբաղվում են նշված նպատակներից հեռու հարցերով, ՀԱՊԿ-ն ի վիճակի է կայունացնող դեր խաղալ Հարավային Կովկասում»,- եզրափակել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Փետրվարի 7-ին Փաշինյանը հայտարարել էր, որ Վրաստանի՝ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու փաստը փոխել է Հարավային Կովկասի իրավիճակը։ «Հիմա ստացվում է, որ մեր հարևան երկրներից երկուսն ունեն ԵՄ անդամակության թեկնածուի կարգավիճակ։ Եթե նախկինում կարելի էր ասել՝ ԵՄ-ն ո՜ւր, մեր տարածաշրջանը՝ ո՜ւր, հիմա ԵՄ-ն, փաստացի մեր տարածաշրջանն է, և մենք այս փաստի հետ պետք է հարաբերվենք»,- ասել էր նա։
Փետրվարի 1-ին Հանրային ռադիոյին տված հարցազրույցում Փաշինյանը հայտարարել էր, որ նախկինում Հայաստանի պաշտպանական ոլորտի հարաբերությունների 95-97 տոկոսը Ռուսաստանի հետ էր: Ըստ նրա՝ հիմա դա չի կարող լինել օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով։
Մանրամասները՝ տեսանյութում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







