Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային ռադիոյին տված հարցարզույցում մեկնաբանել է նոր Սահմանադրության ընդունման հարցը և խոսել բանակի խնդիրների մասին:
Նա ընդգծել է, որ 2018թ. իշխանափոխությունից և 2020թ. 44-օրյա պատերազմից հետո քննարկվել է Սահմանադրության փոփոխության թեման, մասնավորապես՝ կառավարման կիսանախագահական համակարգին վերադառնալու առումով: Նա հայտարարել է, որ պատերազմից անմիջապես հետո մտածել է, որ գուցե այդ փաստարկները ճիշտ էին:
Նա հայտարարել է, որ գործող Սահմանադրությամբ Գերագույն հրամանատար, բանակ և այլ հարաբերություններում ճեղքեր կան, որոնք ի ցույց են դրվել 44-օրյա պատերազմի ժամանակ: Նա հայտարարել է, որ քաղաքացու և պետության միջև ճեղք կա, որն արտահայտվում է լեգիտիմությամբ:
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, որն ընդունվել է 1995թ. և մի քանի անգամ փոփոխվել է, երբեք չի ընդունվել այն պայմաններում և միջավայրում, երբ Հայաստանի քաղաքացին ինքն իրեն ասի՝ ես գնացի, քվեարկեցի և ընդունեցի Սահմանադրություն: Այսինքն՝ ես գնացի և արձանագրեցի իմ պայմանավորվածությունը մյուս քաղաքացիների և պետության հետ, որ մենք իրար հետ հարաբերվում ենք այսպես և ապրում ենք այսպես»,- նշել է նա:
Նրա խոսքով՝ երկար ժամանակ պետություն չունեցած ժողովուրդ լինելով՝ դեռ չենք դարձել պետական ժողովուրդ:
Պատասխանելով այն հարցին, թե նոր Սահմանադրություն է առաջարկում Չորրորդ հանրապետության համա՞ր, վարչապետը պատասխանել է՝ «դա գաղափարներից մեկն է»։ Նա նաև ընդգծել է, որ Հայաստանի բանակը նախատեսված է ՀՀ սուվերեն տարածքը պաշտպանելու համար:
«Այդ բանակն ի՞նչ խնդիր ունի լուծելու՝ պատմական արդարությունն ապահովելու կամ վերականգնելո՞ւ, թե՞ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի անվտանգությունն ապահովելու։ Կա նաև այլ ճանապարհ, որ մենք ձևակերպենք՝ ինչ նկատի ունենք պատմական արդարություն ասելով։ Կարող է պատմական արդարություն ասելով նկատի ունենք հենց Հայաստանի ինքնիշխան տարածքը, պետությունը, ինքնիշխանությունը, անվտանգությունը և անկախությունը։ Մենք պետք է այս լրջության և այս մակարդակի, այս խորությամբ հարցերը դիտարկենք և քննարկենք»,- հավելել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






