Առողջապահության նախարարությունը նախատեսում է ներդնել բուժաշխատողների անհատական լիցենզավորման ինստիտուտ: Համապատասխան լրացումներ կկատարվեն «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում:
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ փոփոխությունն ուղղված է է Հայաստանում բժշկական օգնության որակի բարձրացմանը:
«Մեր բժիշկները հնարավորություն են ունենալու հավաստելու իրենց մասնագիտական գործունեությունը»,- հավելել է Ավանեսյանը։
Նախարարը խոսել է բուժաշխատողների լիցենզավորման կանոնների մասին: Նա նշել է, որ անհատական լիցենզավորման ինստիտուտը երկաստիճան է և կա սահմանափակում։
«Երբ անձն օրդինատուրա, ռեզիդենտուրա է ավարտել, արդեն ունի ամբողջական կրթություն և անցնում է մասնագիտական գործունեության, կարող է ստանալ անժամկետ անհատական լիցենզիա։ Բայց մինչև այդ լիցենզիան ստանալը՝ նա մասնագիտական կրթական պրոցեսի ընթացքում ունենալու է հնարավորություն մասնագիտական գործունեությամբ զբաղվելու՝ սահմանափակ լիցենզիայի շրջանակներում»,- նշել է Ավանեսյանը։
Նախարարը խոսել է բուժաշխատողի անհատական լիցենզիայի գործողության դադարեցման հիմքերի մասին: Ըստ նրա՝ բուժաշխատողի անհատական լիցենզիայի գործողությունը դադարեցվում է, եթե զինվորական ծառայության մեջ գտնվող անձն անհատական լիցենզիայի գործողության կասեցման կամ Պաշտպանության նախարարության հետ կնքված պայմանագրի վաղաժամկետ դադարեցման հիմքով արձակվել է պահեստազոր։
«Սա ևս երաշխիք է, որպեսզի չունենանք զինված ուժերի մասնագիտական արտահոսքի խնդիր»,- հավելել է Ավանեսյանը։
Նա պատմել է հետևանքների մասին, որոնք նախատեսված են բժշկական օգնություն ցուցաբերելու կանոնները խախտելու համար: Նախարարի խոսքով՝ մասնագիտական էթիկայի և բուժաշխատողի գործունեության որակի առաջին խախտման համար նախատեսվում է լիցենզիայի կասեցում՝ մեկ ամիս ժամկետով, իսկ մեկ տարվա ընթացքում՝ կրկնակի խախատման դեպքում, 3 ամիս ժամկետով։
Մանրամասները՝ տեսանյութում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







