«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրենի պաշտոնում Սաշա Կատվալյանի նշանակումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ մի շարք անդամներ բացասական են ընդունել, գրել է «Հրապարակ»-ը:
Լրատվականը հայտնել է, որ նշանակումն իշխանական շրջանակներում «տարաբնույթ խոսակցությունների» թեմա է դարձել։ ԶԼՄ-ի տվյալներով՝ նշանակման վրա ազդել է նաև այն փաստը, որ Կատվալյանը ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի համակուրսեցին է, մտերիմ է նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ:
Ըստ թերթի տեղեկությունների՝ այս նշանակմամբ Ավինյանը փորձել է թիմակիցների հետ լավացնել հարաբերությունները: Նա չի մերժել Սուրեն Պապիկյանի խնդրանքը, որի հետ անջրպետ էր առաջացել ՔՊ վարչության ընտրություններից հետո։
Սաշա Կատվալյանը հիմնարկի տնօրենի պաշտոնում փոխարինել է Բագրատ Աղաջանյանին, որն ազատվել էր հունվարի 26-ին։ Նրան Մալաթիա-Սեբաստիա համայնքի ղեկավարի պաշտոնից ազատել էին 2022-ի հոկտեմբերին` զոհվածների ծնողներին քարշ տալով Եռաբլուրից հեռացրած ոստիկաններին քննադատելու համար:
Հետո Կատվալյանն Ավինյանի խորհրդական էր նշանակվել և ազատվել անցած տարեվերջին, երբ նրա անունը կրկին հայտնվել էր մամուլի տեսադաշտում՝ Մալաթիա-Սեբաստիայում գնումների գործընթացը ոչ պատշաճ կատարելու կասկածով: Տեղեկություններ կային, որ կասկածյալների ցանկում է նաև Կատվալյանը:
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը Armenia Today-ին հայտնել էր, որ Կատվալյանը հիմնականում զբաղվելու է թղթաբանությամբ, իսկ գործնական դաշտում կլինի նախկին տնօրենը, որին նշանակել են տեղակալի պաշտոնին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







