Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի կողմից վերահսկվող բանկերը 2015 թվականից ի վեր գրեթե եռապատկել են իրենց շուկայական մասնաբաժինը` հասնելով 43%-ի, հայտնում է Current Time-ը՝ հղում անելով «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական խմբագրության հետաքննությանը:
Նշվում է, որ 20 տարիների ընթացքում մնալով իշխանության ղեկին՝ Իլհամ Ալիևի հարազատները պետական պայմանագրերով հսկայական հարստությունների տեր են դարձել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են բնական ռեսուրսները, ավիաընկերությունները և շինարարությունը: Ըստ հրապարակման՝ Ադրբեջանի նախագահի ընտանիքի մեկ այլ մեծ եկամտի աղբյուր է եղել բանկային հատվածը. Ալիևի դուստրերը և մյուս հարազատները մասնավոր վարկային կազմակերպությունների միջոցով վերահսկում են միլիարդավոր դոլարների ակտիվները։
«2015 թվականից ի վեր Ալիևների ընտանիքի կողմից ամբողջությամբ կամ մասամբ վերահսկվող չորս բանկեր եռապատկել են իրենց շուկայական մասնաբաժինը երկրում։ PASHA Bank-ը, Kapital Bank-ը, Xalq Bank-ը և Bank Eurasia-ն դարձել են հարյուր միլիոնավոր մանաթների պետական բիզնեսի զարգացման ծրագրի շրջանակներում վարկեր սպասարկող խոշորագույն վարկային կազմակերպություններ»,- ասվում է հրապարակման մեջ։
Ըստ հրապարակման՝ PASHA Bank-ի, Kapital Bank-ի և Xalg Bank-ի ֆինանսական հաշվետվություններում, որպես վերջնական սեփականատերեր, նշվում են Ադրբեջանի նախագահ Լեյլա և Արզու Ալիևաների դուստրերը, ինչպես նաև Մեհրիբան Ալիևայի հայրը՝ Արիֆ Փաշաևը։ PASHA Bank-ի և Kapital Bank-ի համասեփականատերը Մեհրիբան Ալիևայի զարմիկ Ջամալ Փաշաևն է։ Նշվում է, որ երկու դեպքում էլ բաժնետոմսերը գրանցված են երկրի խոշորագույն կազմակերպություններից մեկի՝ ֆինանսական, շինարարական և զբոսաշրջության ոլորտներում ակտիվներ ունեցող PASHA Holding-ի կամ մասնաճյուղերի և այլ ընկերությունների միջոցով։
Ալիևների ընտանիքի կողմից վերահսկվող չորրորդ բանկում՝ Bank Eurasia-ում, բաժնետոմսերի 37,5%-ը պատկանում է PASHA Holding-ին՝ PMD Group ընկերության միջոցով։ Բաժնետոմսերի ևս 25%-ը պատկանում է Azbiznescom ընկերությանը, որի օրինական ներկայացուցիչն է հարկային նախարարության նախկին աշխատակից Աշրաֆ Քամիլովը, որը կապված է Ալիևների գաղտնի օֆշորային կայսրության հետ։
Բանկային հատվածի ֆինանսական հաշվետվությունների համաձայն՝ Ալիևի հետ կապված բանկերի ակտիվների արժեքն այս ընթացքում 2015 թվականի չորս միլիարդ մանաթից (5,1 միլիարդ դոլար) աճել է մինչև 20 միլիարդ մանաթ (11,8 միլիարդ դոլար ընթացիկ փոխարժեքով) 2022 թվականի վերջին:
«Փորձագետներն ասում են, որ վերջին ութ տարիների ընթացքում Ալիևի հետ կապված բանկերի կտրուկ աճը կարող է մասամբ տեղի ունենալ 2015 թվականի արժեզրկման հետևանքով: Այնուամենայնիվ, այս բանկերը նույնպես ակտիվորեն կլանում են ակտիվները՝ շատ ավելի ինտենսիվ, քան իրենց մրցակիցները: Բացի այդ, նրանք ստացել են էժան պետական վարկեր՝ բիզնեսին աջակցելու համար, ինչը թույլ է տվել գումար վաստակել բնակչությանը վարկեր տրամադրելով»,- գրում է հրատարակությունը։
Նշվում է, որ ավելի քան 20 բանկային կազմակերպություններ 2015 թվականից ի վեր լքել են ադրբեջանական շուկան՝ մանաթի արժեզրկումից և 2015 թվականի հունվարին բանկային ոլորտում աշխատանքի համար անհրաժեշտ նվազագույն կապիտալը հինգ անգամ բարձրացնելու Կենտրոնական բանկի որոշումից հետո՝ մինչև 50 մլն. մանաթ (64 մլն դոլար):
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







