Ճարտարապետ Կարեն Դոլուխանյանը կոչ է արել Կառավարությանը մերժել Երևանի քաղաքապետարանի՝ Օղակաձև այգու 4-րդ հատվածի բարեկարգման շրջանակում «Արարատ» ակումբի թենիսի կորտերը քանդելու նախագիծը և հորդորել այդ կորտերը գերակա շահ ճանաչել։ Այսպես է մեկնաբանել ճարտարապետ Կարեն Դոլուխանյանը՝ անդրադառնալով Armenia Today-ի հարցին՝ կորտերի փոխարեն սրճարանների բացման ռիսկի վերաբերյալ։
Ճարտարապետը ընդգծել է, որ կորտերը ապամոնտաժելու և նոր նախագիծ իրականացնելու տրամաբանությունն իր համար անհասկանալի է։
«Իրենք հայտարարել են, որ էլի մեկ թե երկու սրճարան է լինելու։ Այսինքն՝ տրամաբանությունը ո՞րն է, եթե սրճարանով են փոխարինելու, այսինքն տերե՞րն են փոխվելու։ Բացի դրանից, ինչ որ հուշանվերների կրպակ է լինելու, դա էլ է զարմանալի, որովհետև դա վերնիսաժ չէ, այդ վերնիսաժային տրամաբանությունը չպետք է լինի, եթե իրենք ուզում են հանրային այգի ստեղծել, կարող է դիմացի մայթում լինել»,- հավելել է Դոլուխանյանը։
Նրա խոսքով՝ այգին է կառուցվել կորտերի շուրջ, և նա վանդալիզմ է անվանել կորտերն ապամոնտաժելու փորձը։
«Կորտերը պետք է մնան կենտրոնում, այդ այգուն չի կարելի զրկել կորտերից, որովհետև սկզբում եղել են կորտերը, որոնց շուրջ էլ կառուցվել է այգին։ Կենտրոնը կորտերից զրկելը մեծ վանդալիզմ է։ Արցախում Ադրբեջանը քանդում է մեր քաղաքակրթության օջախները, մեր պատմությունը, մշակույթը, նույնը փորձում են կատարել Երևանի կենտրոնում, բայց ոչ թե թշնամին, այլ ներսի իշխանությունների մի մասը»,- նշել է նա։
Հունվարի 15-ին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մեկնաբանել էր Օղակաձև այգու վերակառուցման, «Արարատ» թենիսի ակումբի քանդման մասին քննարկումները և մատնանշել, որ վերակառուցման ծրագիրը քաղաքային իշխանությունների ուշադրության կենտրոնում է լինելու, ակումբը գործելու է մեկ այլ վայրում, ավելի լավ պայմաններում:
Քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշել էր, որ Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածը որպես հանրային տարածք ծառայի։
Մանրամասները՝ տեսանյութում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







