Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Կեզերաշվիլիի զարմիկը՝ Միխայիլ Բինիամինին, ձերբակալվել է Հայաստանում՝ ներդրումային խարդախության համաշխարհային ցանցի զանգերի կենտրոնների գործով, հայտնել է Ռուսթավի 2 հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ Բինիամինին, ով և՛ Իսրայելի, և՛ Վրաստանի քաղաքացի է, կալանավորվել է Գերմանիայի դատախազության պահանջով։ Հետաքննությունը կասկածում է, որ նա ղեկավարել է Ալբանիայի ցանցի մասնաճյուղը։ Ռուսթավի 2-ը չի նշում իր աղբյուրները։ Բինիամինիի կալանավորման վերաբերյալ Վրաստանի կամ Գերմանիայի պաշտոնական գերատեսչություններից դեռևս մեկնաբանություններ չեն եղել, գրում է հեռուստաալիքը։
Կեզերաշվիլին Վրաստանի պաշտպանության նախարարն էր 2006-2008 թվականներին Միխեիլ Սաակաշվիլիի նախագահությամբ։ 2012 թվականին Վրաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո նա լքել էր Վրաստանը։ 2021 թվականին դատարանը Կեզերաշվիլիին մեղավոր է ճանաչել 5 միլիոն եվրոյի յուրացման մեջ և հեռակա կարգով դատապարտել հինգ տարվա ազատազրկման։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







