Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ԱԺ-ում տարեվերջյան ամփոփիչ հանդիպում է ունեցել վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանի հետ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ականների և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը մոտ երկու ժամ է տևել ու բարիդրացիական մթնոլորտում է անցել:
«Իշխանական պատգամավորները Փաշինյանի հետ խոսել են կուսակցական հարցերից, ամփոփել են տարին ու քննարկել են նաև եկող տարվա իրենց անելիքները: Հանդիպման օրակարգի առաջնային հարցերից եղել է նաև Նիկոլ Փաշինյանի՝ երկար դադարից հետո ՌԴ վերջին այցը, որտեղ նա մի շարք քննարկումների է մասնակցել»,- գրել է թերթը:
Նշվում է, որ Փաշինյանը, ընդհանուր առմամբ, դրական է գնահատել սանկտպետերբուրգյան իր այցը:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել էր ՌԴ՝ Սանկտ Պետերբուրգ: Նա այնտեղ մասնակցել էր Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին։
ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի լայն կազմով նիստի իր ելույթում Փաշինյանը նշել էր, որ անդամ պետությունները համաձայնեցնեն ընդհանուր էներգետիկ շուկաների գործունեության մոտեցումները, սկզբունքները և մեխանիզմները հիմնարար որոշումներ կայացնելու հրատապ անհրաժեշտությունը։
Նոյեմբերի 23-ին ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հույս էր հայտնել, որ Փաշինյանը կմասնակցի տարեվերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԵԱՏՄ և ԱՊՀ գագաթնաժողովներին։ Նոյեմբերի 29-ին ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել էր Փաշինյանի հնարավոր մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին և կոչ էր արել կոնկրետ քայլեր ձեռնարկել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






