Հայաստանը չի նախատեսում դուրս գալ ԵԱՏՄ-ից՝ Armenia Today-ի հարցմանն ի պատասխան հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
«Հայաստանի Հանրապետությունը չի քննարկում Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու հարցը»,- ասվում է նախարարության գլխավոր քարտուղար Կարեն Սարգսյանի պատասխանում։
Պատասխանելով հարցին, թե 2024 թվականին ԵԱՏՄ-ում նախագահող Հայաստանը պատրաստվու՞մ է ընդունել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերը, գերատեսչության ներկայացուցիչն ասել է, որ այդ հարցը նախարարության իրավասությունների մեջ չէ։
Իր հերթին ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է, որ կառուցը լքելու մասին տեղեկություն նախարարությունը չունի։ Հայտնել էր նաև, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի և Եվրասիական միջկառավարական խորհրդի անցկացման կարգերը բացառապես կանոադրական մարմիններում նախագահության հիմքով նիստերի անցկացում չեն նախատեսում։ Նիստերի անցկացման վայրի ու ժամկետների վերաբերյալ որոշումն ընդունվում է խորհրդի անդամենրի կողմից։
Ավելի վաղ ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին հայտարարել էր, որ Ռուսաստանը դեռ չի բարձրացրել Հայաստանին ԵԱՏՄ-ից դուրս թողնելու հարցը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «հակառուսական հռետորաբանության» ֆոնին։
ԵԱՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագիրն ստորագրվել էր 2014 թվականի հոկտեմբերի 10-ին և ուժի մեջ էր մտել 2015 թվականի հունվարի 2-ից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







