«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ մեկամսյա դադարից հետո ՔՊ-ականներն ուրբաթ օրը վարչության նիստ են արել՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, և բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել ՔՊ փակ նիստից:
Օրաթերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցներին ասել է, թե հիմա էլ ռուսներն են ուզում իրենից իշխանություն վերցնել, ուստի պետք է իշխանության պահպանման համար կոշտ ու հստակ քայլեր ձեռնարկել:
Ըստ թերթի՝ նա իր թիմակիցներին հրահանգել է առաջին հերթին գործի դնել իրենց հիմնական զենքը, այն է՝ պառակտել և խժդժություններ մտցնել հանրության մեջ, ամեն ինչ անել, որպեսզի արցախցիները շարունակեն ակցիաներ իրականացնել, Հայաստանի իշխանություններից և իրավապահ մարմիններից պահանջեն թալանչիների դեմ պայքար սկսել, Արցախի նախկին երեք նախագահներից արդարություն պահանջեն:
«Այլ կերպ ասած՝ Փաշինյանն ամեն գնով ցանկանում է հասնել Արցախի ղեկավարության հեղինակազրկմանը: Առաջնային թիրախում Սամվել Շահրամանյանն է. պետք է ամեն ինչ անել, որպեսզի դժգոհության սլաքները ուղղվեն դեպի Շահրամանյանը»,- գրել է թերթը:
Հրապարակման մեջ նշվում է, որ Փաշինյանն այսքանով չի ցանկանում սահմանափակվել: ՔՊ-ականներին նա հրահանգել է, որպեսզի հայ հանրության մեջ խորացնեն հակառուսական տրամադրությունները, ամեն հնարավոր միջոցներով հայտարարեն, թե նախկինները ուզում են հետ գալ Ռուսաստանի օգնությամբ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






