ԱՀ Ազգային ժողովի պատգամավոր Սեյրան Հանրապետյանը դիմել է ՀՀ կառավարությանը՝ խնդրելով ներել Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների կողմից սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 31-ը ընկած ժամանակաընթացքում տրանսպորտային միջոցների վարման ժամանակ արձանագրված խախտումների համար նախատեսված տուգանքները, իր Facebook-ի էջում գրել է պատգամավորը։
«Գիտակցելով, որ օրենքի առջև բոլորն էլ հավասար են, խնդրանքիս պատճառն այն է, որ նշված կատեգորիայի վարորդները Արցախում երթևեկել են առանց արագաչափերի հսկողության։ Մգեցված ապակիների, ապահովագրության, տեխնիկական զննման և մի քանի այլ հարցերի նկատմամբ օբյեկտիվ պատճառներով հնարավոր չէր ավելի լուրջ վերահսկողություն (շուրջ 10 ամիս վառելիքի սղության պատճառով մեքենաները համարյա չեն շահագործվել և այլն)։ Հակառակորդի շարունակական ռազմական ագրեսիա, շրջափակում, բենզինի պահեստի չարաբաստիկ ողբերգություն, որից հետո բռնի տեղահանում` վարորդները հայտնվելով ՀՀ-ում վարել են մեքենաները՝ ճանապարհներին քիչ ծանոթ լինելով և ծանր հոգեբանական վիճակում»,- գրել է նա։
Հայրապետյանը հաղորդել է, որ իր հետ կապ են հաստատել ՀՀ գործընկերները՝ պատրաստակամություն հայտնելով նշված հարցի լուծման համար դիմել պատկան մարմիններին։
Հոկտեմբերի 19-ին իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնել էր, որ պարեկներն արցախցիներին 100 հազար դրամ տուգանում են՝ ԱՊՊԱ պայմանագիր չունենալու պատճառով։ Նրան հայտնի էր առնվազն 7 այդպիսի դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







