Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահը հափշտակել է ավելի քան 10 մլն դրամ, գործն ուղարկվել է դատարան,
հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Մասնավորապես, Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մ.Ս.-ն (պաշտոնավարումը կասեցված է) 2020թ․ հունվարի 30-ին ԿԳՄՍՆ-ի հետ կնքել է պայմանագիր, որի հիման վրա՝ «ՀՀ առաջնություններին և միջազգային միջոցառումներին մասնակցության ապահովման համար մարզիկների նախապատրաստում և առաջնությունների անցկացում» միջոցառման իրականացման նպատակով՝ ֆեդերացիային հատկացվել է 13 մլն 7 հազար 200 դրամ:
«Մ.Ս.-ն, 2020 թվականի տարեկան միջոցառումների մի մասը կորոնավիրուսային համավարակի պատճառով չեղարկվելուց հետո, նախարարություն է ներկայացրել վերոնշյալ գումարից 1 մլն 50 հազար դրամի ծախսերի մասին կեղծ տեղեկություններ, որոնց համաձայն՝ 1 մլն 50 հազար դրամը ծախսվել է 2020 թ․ դեկտեմբերի 1-25-ը «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի սահադաշտում գեղասահքի հավաքականի թիմի 3 մարզիկների և նրանց մարզիչների համար կազմակերպված ուսումնամարզական հավաքի անցկացման համար: Մինչդեռ նշված հավաքը չի կայացել»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ Մ.Ս.-ն, 2020թ․ դեկտեմբերի 4-ին և 2021թ․ հոկտեմբերի 10-ին նախարարություն է ներկայացրել իրականությանը չհամապատասխանող տվյալներ այն մասին, թե իբր մարզիչներ Է.Դ.-ն (Ֆեդերացիայի նախագահ Մ.Ս.-ի որդին) և Ա.Ա.-ն հանդիսացել են գեղասահորդներ, միջազգային մրցաշարերի մասնակից՝ պարային զույգ Թ.Կ.-ի և Ս.Ս.-ի անձնական մարզիչներ, ինչի արդյունքում՝ 2020թ․ գեղասահքի Եվրոպայի առաջնության 17-րդ տեղը գրավելու կապակցությամբ, նախարարության կողմից Մ.Ս.-ի որդուն՝ Է.Դ.-ին, հատկացվել է անվանական թոշակ՝ 1 տարի ժամկետով՝ 630 հազար դրամի չափով:
«Այնուհետև, 2021թ․ սեպտեմբերի 21-25-ը Գերմանիայի Օբերստդորֆ քաղաքում կայացած գեղասահքի միջազգային մրցաշարին պարային զույգ Թ.Կ.-ի և Ս.Ս.-ի կողմից 2022թ․ ձմեռային օլիմպիական խաղերի վարկանիշ ձեռք բերելու կապակցությամբ ֆեդերացիայի նախագահի որդի է.Դ.-ին՝ որպես գեղասահքի հավաքականի գլխավոր մարզիչ և նույն ձեռքբերման կապակցությամբ՝ որպես անձնական մարզիչ, 2022թ․ հունվարի 1-ից մինչ 2022թ․ դեկտեմբերը ներառյալ՝ հատկացվել է 5 մլն 250 հազար դրամ: Երկրորդ մարզիչ հանդես եկած Ա.Ա.-ին 2022թ․ հունվարի 1-ից մինչ 2022թ․ դեկտեմբերը ներառյալ՝ հատկացվել է 3 մլն 360 հազար դրամ: Ա.Ա.-ն 2022թ․ հունվարից մինչև հոկտեմբեր, յուրաքանչյուր ամիս իրեն հատկացված 280 հազար դրամից 180 հազար դրամը փոխանցել է ֆեդերացիայի նախագահ Մ.Ս.-ի բանկային հաշվեհամարին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Գերատեսչության փոխանցմամբ՝ «Հայաստանի գեղասահքի ֆեդերացիա» ՀԿ նախագահ Մ.Ս.-ն պետությունից հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 10 մլն 290 հազար դրամ, որից 5 մլն 880 դրամը՝ իր որդու՝ մարզիչ է.Դ.-ի, իսկ 3 մլն 360 հազարը ՝ մարզիչ Ա.Ա.-ի օժանդակությամբ:
«Դատախազը 2023թ․ հոկտեմբերի 13-ին Մ.Ս.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ խոշոր չափերով յուրացում կամ վատնում), 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն) և 325-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր, ձևաթղթեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) (2 դրվագ)»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է, որ դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 20-ին հաստատել է Մ.Ս.-ի և վերջինիս որդի Է.Դ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան:
Նշենք, որ մեղադրյալներ Մելանյա Ստեփանյանը և Էմիլ Դանիելյանը հանդիսանում են երգչուհի Սոնա Ռուբենյանի սկեսուրն ու ամուսինը։

Լուսանկարը (արված է երգչուհու նշանադրության օրը) վերցված է Սոնա Ռուբենյանի մայրիկի՝ Արմինե Սարգսյանի
ֆեյսբուքյան էջից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։