Ադրբեջանը պետք է ապահովի Ղարաբաղի հայերի մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները և անվտանգությունը՝ ներառյալ նրանց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը՝ առանց ահաբեկման կամ խտրականության, ասված է Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ ԵՄ հայտարարության մեջ։
«Ադրբեջանը պետք է պայմաններ ստեղծի կամավոր, անվտանգ, արժանապատիվ և կայուն վերադարձի համար՝ հարգելով նրանց պատմությունը, մշակույթն ու մարդու իրավունքները: Բացի այդ, պետք է արդյունավետ պաշտպանվեն և երաշխավորվեն տեղական բնակչության մշակութային ժառանգությունն ու սեփականության իրավունքները: Այս կապակցությամբ հիշեցնում ենք, որ Ադրբեջանը պետք է կատարի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից սեպտեմբերի 22-ին նշված միջանկյալ միջոցները, այսինքն՝ ձեռնպահ մնա այնպիսի միջոցներ ձեռնարկելուց, որոնք կարող են հանգեցնել Կոնվենցիայով նախատեսված իրենց պարտավորությունների, մասնավորապես՝ 2-րդ հոդվածի խախտմանը (կյանքի իրավունք) և 3-րդ հոդվածի (խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելում)»,- ասված է հայտարարության մեջ:
Նշվում է, որ մարդասիրական աջակցության շարունակական ապահովումը հրամայական է և անցյալ շաբաթ Եվրահանձնաժողովը հայտարարել էր 10,45 միլիոն եվրոյի չափով մարդասիրական օգնության լրացուցիչ փաթեթի մասին՝ ի հավելումն 2020 թվականից ի վեր արդեն տրամադրված 20,8 միլիոն եվրոյի:
«Միջազգային մուտքը Ղարաբաղ շատ կարևոր է, երբ խոսքը վերաբերում է անհրաժեշտ օգնության տրամադրմանը և տեղում իրավիճակի անկախ մոնիթորինգի ապահովմանը: Եվրամիությունն ի գիտություն է ընդունել ՄԱԿ-ի վերջին երկու այցերը: Մենք բարձր ենք գնահատում Միգրացիայի և փախստականների հարցերով Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի աշխատանքը, ով աջակցություն է ցուցաբերում Հայաստանի իշխանություններին՝ դեպի իր տարածք այս զանգվածային արտագաղթը կարգավորելու հարցում: Անհամբեր սպասում ենք Եվրոպայի խորհրդի փաստահավաք առաքելությանը՝ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի գլխավորությամբ և դրա հետագա առաջարկություններին»,- ասված է հայտարարության մեջ:
Նշվում է, որ ԵՄ-ն գիտություն է ընդունել Ալիևի հրապարակային հայտարարությունները Ղարաբաղի հայերի հետ խաղաղ ապրելու և նրանց իրավունքները պահպանելու պատրաստակամության մասին։
«Ադրբեջանն ունի հստակ առաջնային պատասխանատվություն բնակչության ճակատագրի համար։ Պետք է տրամադրվեն շոշափելի, կոնկրետ և թափանցիկ երաշխիքներ։ Որպես վստահության ամրապնդման կարևոր միջոց՝ մենք ակնկալում ենք համապարփակ համաներում Ղարաբաղի բոլոր հայերի՝ ներառյալ նրանց ներկայացուցիչների համար, և բոլոր կողմերի զսպվածությունը կոշտ հռետորաբանությունից»,- ասված է հայտարարության մեջ։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն ԱՀ պետական համակարգը լուծարելու հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի՝ 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։ Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա), ԼՂ-ից բռնի տեղահանված անձնաց թիվը կազմում է 100․632։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







