Ինչո՞ւ միջազգային դերակատարները հումանիտար միջանցք չէին գործարկում Արցախի 9-ամսյա շրջափակման ժամանակ, գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր, «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Գազա մարդասիրական օգնություն հասցնելու նպատակով «ԵՄ հումանիտար օդային կամուրջ» գործողությանը:
«Ես, իհարկե, դեմ չեմ Գազայի խաղաղ բնակիչների մարդասիրական իրավունքների պաշտպանությանը և ինչ տեղի է ունենում վերջին օրերին, պարզապես մարդկային ողբերգություն է` երկուստեք հարյուրավոր զոհեր կանանց և երեխաների շրջանում: Բայց ինչո՞ւ միջազգային դերակատարները հումանիտար միջանցք չէին գործարկում Արցախի 9-ամսյա շրջափակման ժամանակ, ինչո՞ւ էին նույն դերակատարները լուռ հետևում ադրբեջանական ագրեսիային և որպես հետևանք՝ Արցախում էթնիկ զտումների իրականացմանը»,- գրել է նա:
Աբրահամյանի պնդմամբ՝ թե ինչ թշնամություն է գործել մեր ժողովրդի նկատմամբ հայաստանյան իշխանությունը, արդեն բոլորին է պարզ, բայց դա չի արդարացնում միջազգային դերակատարներին` իրենց անտարբերությամբ ու լռությամբ հարյուրավոր զոհերի և մարդկանց հայրենազրկմանը տանելու կամ այդ գործընթացին նպաստելու համար:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։ ԼՂ-ից բռնի տեղահանված անձնաց թիվը կազմում է 100․632։
Հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելի հարավն ու կենտրոնը Գազայի հատվածից տասնյակ հրթիռներով գնդակոծվել էին։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտարարել էր Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական կործանիչները հարձակվել էին ՀԱՄԱՍ-ի վրա։ Հակամարտության սրման հետևանքով երկու կողմերում էլ կան զոհեր և վիրավորներ, որոնց թիվը ժամ առ ժամ փոխվում է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






