Երևանի բնակիչ Ա.Մ-ն և «Պրոգրեսիվ նոլիջիս» ՍՊ ընկերության տնօրեն Ռ.Մ-ն փետրվար-ապրիլ ամիսների ընթացքում ՀՀ քաղաքացիներ Գ.Ս-ի և Ռ.Պ-ի անօրինական միգրացիան կազմակերպելու նպատակով յուրաքանչյուրից պահանջել և ստացել են 15 000-ական ԱՄՆ դոլար գումար, հայտնել է ԱԱԾ-ն։
Նախաքննության ընթացքում խուզարկություններ են կատարվել Ռ.Մ-ի, Ա.Մ-ի բնակության հասցեներում և տուրիստական կազմակերպություն հանդիսացող աշխատավայրում, որի արդյունքում հայտնաբերվել և վերցվել են կեղծ դիպլոմներ, աշխատավայրի և աշխատավարձի չափի, ինչպես նաև ուսումնական հաստատություն ավարտելու վերաբերյալ կեղծ տեղեկանքներ, բանկային շարժի վերաբերյալ քաղվածքներ, կնիքներ, համակարգիչներ, բջջային հեռախոսներ, ամուսնության և ծննդյան վկայականներ, կնքված դատարկ հավաստագրեր, պատվոգրեր, անձնագրեր, որոնցում առկա են եղել «Շենգենյան համաձայնության երկրներ» մուտքի արտոնագրեր, տարբեր անձանց վերաբերյալ բազմաթիվ փաստաթղթեր և հանցագործության կատարման համար նախատեսված այլ իրեր ու առարկաներ։
Որոշվել է Ա.Մ-ի և Ռ.Մ-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը: Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







