Ռուսաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը Հայաստանի կամ Ադրբեջանի հետ չի քննարկում Լեռնային Ղարաբաղից խաղաղապահների դուրսբերման հարցը, հայտնում են ռուսական ՏԱՍՍ-ը և ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրին։
«Մի շարք լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկությունն այն մասին, որ ՌԴ ՊՆ պատվիրակությունը Բաքվում կամ Երևանում քննարկում է Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման հարցը, չի համապատասխանում իրականությանը։ Խոսքը խաղաղապահների ընթացիկ գործունեության վերաբերյալ պլանավորված շփումների մասին է»,- մեջբերում է գործակալությունն աղբյուրին։
Ավելի վաղ ՏԱՍՍ-ը հայտնել էր Ռուսաստանի պաշտպանության նախարարության պատվիրակության այցի մասին Երևան՝ խաղաղապահների շուրջ բանակցությունների նպատակով։ Հրապարակումը, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրը, նշել էր, որ հայկական կողմի հետ հանդիպմանը կքննարկվի Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման կոնկրետ ժամկետները։
Ավելի ուշ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը Armenia Today-ին հայտնել էր, որ վարչությունը տեղեկություն չունի ՌԴ ՊՆ պատվիրակության Երևան այցի մասին։ «ՀՀ ՊՆ-ն ՌԴ ՊՆ պատվիրակության այցի վերաբերյալ որևէ տեղեկություն չունի և նման հանդիպում ՀՀ ՊՆ-ում պլանավորված չէ»,- պարզաբանել էր նա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







