«Վալդայ» միջազգային քննարկման ակումբում` ի պատասխան «Россия Сегодня» մեդիա խմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի այն դիտարկմանը, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին իշխանության են բերել, որպեսզի նա հանձնի Լեռնային Ղարաբաղը (Արցախ), ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ անարդար է համարում ասել, որ Փաշինյանը նպատակաուղղված է հանձնել Ղարաբաղը:
«Ես չեմ կարող ձեզ հետ համաձայնել, որ վարչապետ Փաշինյանին դրսից ինչ-որ մեկը բերել է իշխանության՝ Ղարաբաղը հանձնելու համար»,- ասել է Պուտինը։
Նա հավելել է, որ Փաշինյանի ընտրությունը հայ ժողովրդի ընտրությունն է, և որ «ընտրական գործընթացների նկատմամբ կարելի է տարբեր վերաբերմունք ունենալ, բայց դա փաստ է»։
Նա չի համաձայնել նաև Սիմոնյանի այն պնդմանը, թե վարչապետ Փաշինյանը ձգտել է հանձնել Ղարաբաղը։ «Ես մոտիկից շփվել եմ նրա հետ (Փաշինյանի) և՛ 2020-ի այս հակամարտության ժամանակ, և՛ ավելի վաղ։ Հիշենք, երբ նա եկավ իշխանության, ասում էր, որ Ղարաբաղը Հայաստանի մաս է։ Նախկինում ոչ ոք դա չէր ասել, բայց հետո նրա դիրքորոշումն արմատապես փոխվեց, ինչո՞ւ, սա ինձ համար այլևս հարց չէ»,- ասել է Պուտինը։
ՌԴ նախագահի խոսքով՝ Հայաստանի վարչապետը ձգտել է պահպանել իրավիճակն Ադրբեջանի հետ 44-օրյա պատերազմի ժամանակ։ «2020-ի հակամարտության ժամանակ նա անկեղծորեն ձգտում էր պահպանել իրավիճակը։ Հիմա ես չեմ ասում՝ որոշումը ճիշտ էր, թե սխալ, դա իմ տեղը չէ դատելու: Բայց ասել, որ նա նպատակաուղղված է հանձնել Ղարաբաղը, անարդար է»,- եզրափակել է Պուտինը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







