Պատմության մեջ հերթական անգամ հայ ժողովուրդը ենթարկվում է հարձակման. Ադրբեջանի կոմից Լեռնային Ղարաբաղում իրականացրած այսպես կոչված «հակաահաբեկչական օպերացիան», ի ցույց դրեց միայն հերթական և բացահայտ թշնամությունը Հայաստանի և Արցախում դարեր շարունակ ապրած առանց այդ էլ տանջված հայ մեծամասնության նկատմամբ, գրել է Իտալիայի խորհրդարանի պատգամավոր (Fratelli d’Italia կուսակցություն) Էմանուելե Պոցոլոն:
Նա նշել է, որ Արևմուտքի բարոյական հստակ պարտականությունն է պաշտպանել, առանց եթեների և առանց բայցերի, հայ քրիստոնյա եղբայրներին՝ ի դեմս մահմեդական բնակչության Կովկասից և Մերձավոր Արևելքից քրիստոնեության բոլոր հետքերը վերացնելու հերթական պատմական փորձի:
«Հայերն այն ժողովուրդն են, ովքեր առաջինը պաշտոնապես ընդունեցին Հիսուս Քրիստոսի հավատքը՝ 301 թվականին Տրդատ III-ի կողմից քրիստոնեության ընդունումից ի վեր։ Հայաստանը քրիստոնեական ամրոց է եղել համաշխարհային հավասարակշռության համար կարևոր աշխարհագրական մի տարածքում:
Մերձավոր Արևելքի թատերաբեմում քրիստոնեաների ներկայությունը պատմականորեն ներկայացնում է մի կողմից խաղաղության և կայունության երաշխիք, իսկ մյուս կողմից՝ վրդովմունքի տարր մուսուլմանական տերությունների համար, որոնք միշտ փորձել են սահմանափակել քրիստոնեական ազդեցությունն այդ երկրներում, մինչև իսկ հալածելով քրիստոնյա ժողովուրդներին և անգամ փորձելով վերացնել նրանց հետքերը»,- նշել է Պոցոլոն:
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է վերահաստատել ուժեղ դիվանագիտությանը ազդեցիկ կերպով վերադառնալու բացարձակ անհրաժեշտությունը և այն գիտակցումը, որ Արևմուտքը չի կարող իրեն թույլ տալ հանդուրժել, որ այնպիսի ժողովուրդ ինչպիսին հայերն են, հալածվի և, ըստ էության, արտագաղթի՝ հանուն երբեք չընդարմացած պանթուրքական հեգեմոնիստական նախագծի, որի թեկուզ մասնակի իրականացումը կարող է դառնալ մերձավորարևելյան տարածքի ապակայունացման հետագա տարր։
«Արևմտյան ազգերի և Կովկասի և Մերձավոր Արևելքի բազմաթիվ երկրների միջև դրական առևտրային հարաբերությունները չեն կարող մեզ ստիպել պիլատեսյան և կեղծավոր ճանապարհով շրջվել մյուս կողմ, քանի որ որպես արևմուտքցիներ, որպես քրիստոնեական ինքնության զավակներ, մենք չենք կարող լքել հայ ժողովրդին հալածանքի և հպատակության ճակատագրին»,- շեշտել է պատգամավորը:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի Հանրապետության նկատմամբ։ Վերջին տվյալներով կա 200 զոհ և 400 վիրավոր։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ԼՂ-ում զինված գործողություն սկսելու մասին։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»:
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին: Ըստ համաձայնության՝ սեպտեմբերի 21-ին հանդիպում տեղի ունեցավ Եվլախում։ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև երկրորդ հանդիպումը տեղի ունեցավ սեպտեմբերի 25-ին՝ Իվանյանում։ Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ԱՀ պետական համակարգը լուծարելու հրամանագիր է ստորագրել, որով Արցախի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







