Մոսկվան կոչ է անում Երևանին և Բաքվին դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ դիվանագիտական կարգավորմանը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մոսկվան տագնապած է իրավիճակի կտրուկ սրումից»,- ասել է նա։ Ռուս դիվանագետը հայտնել է, որ այժմ շփումներ են ընթանում Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Նա այսպես է պատասխանել հարցին, թե Բաքուն ծանուցե՞լ է ռուսական կողմին Արցախում ռազմական գործողությունների մասին։
Շարունակվում են շփումներ, այդ թվում՝ ադրբեջանական կողմի հետ, որոնց արդյունքների հիման վրա ՌԴ ԱԳՆ-ն հանդես կգա հայտարարությամբ, պարզաբանել է Զախարովան։
Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը «անարդյունավետ» է համարել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրի կնքման ճշգրիտ ժամկետների կամ կոնկրետ պարամետրերի մասին խոսակցությունները։ Նա այսպես է մեկնաբանել հոկտեմբերին Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում երկու երկրների ղեկավարների կողմից փաստաթղթի հնարավոր ստորագրումը։
«Կա ամուր իրավական հիմք այն ամենի իրականացման համար, ինչի շուրջ համաձայնեցվել է։ Կարևոր է իրականացնել այն ամենը, ինչ փաստաթղթավորվել է։ Փաստաթուղթը պետք է ապահովի Ադրբեջանի և Հայաստանի շահերի հավասարակշռությունը։ Հիմնական նպատակին ծառայելու համար, այն է՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելը։ Դա կարելի է անել՝ իրականացնելով բոլոր ճանապարհային քարտեզները, որոնք համաձայնեցված են եղել»,- եզրափակել է ռուս դիվանագետը։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Oգտագործվում է հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Ստեփանակերտի զանգվածային հրետակոծության մասին հայտնել էին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Արցախի բնակիչները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







