ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը կոչ է արել Բաքվին երաշխավորել անվտանգությունն ու ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով։
«Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին երաշխավորել անվտանգությունն ու ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով»,- ասել է նա ԵՄ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում։
Ավելի վաղ ԱՄՆ պետդեպի խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարել էր, որ մարդասիրական օգնությունը երբեք չպետք է պատանդ լինի քաղաքական տարաձայնություններին՝ նշելով, որ Միացյալ Նահանգները շարունակաբար աշխատել է կողմերի հետ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում, որպեսզի հումանիտար օգնությունը հասնի Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։
Արցախը շրջափակման մեջ է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից։ Հունիսի 15-ից ադրբեջանական կողմը ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը՝ թույլ չտալով մարդասիրական ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները, ինչպես նաև արգելել է ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից Հայաստան հիվանդների տեղափոխումը։ Հուլիսի 26-ին Երևանից Արցախ է ուղարկվել 19 բեռնատար՝ 400 տոննա մարդասիրական բեռով, մասնավորապես՝ ալյուր, կարագ, մանկական սնունդ, մակարոնեղեն և առաջին անհրաժեշտության ապրանքներ։ Ավելի ուշ հայտնել էինք, որ «Սնունդ կյանքի համար» 400 տոննա մարդասիրական օգնությամբ բեռնատարների շարասյունը գտնվում է Կոռնիձորի սահմանային հատվածում։ Ադրբեջանի ԱԳՆ-ն «սադրանք» է անվանել Հայաստանի կողմից Արցախ մարդասիրական օգնություն ուղարկելը և թույլ չի տալիս հումանիտար բեռների մուտքն Արցախ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







