Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի նստավայրի ուղղությամբ գիշերը զինված հարձակում է տեղի ունեցել, հայտնում է Արցախի ոստիկանությունը։
«Օգոստոսի 28-ին՝ ժամը 03:05-ին ոստիկանության ՊՊԾ գումարտակի ոստիկանը հերթապահ մասում հաղորդել է, որ Ստեփանակերտ քաղաքի Փետրվարի 20 փողոցում՝ Արցախի նախագահի նստավայրի ուղղությամբ զինված հարձակում է տեղի ունեցել»,- ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ դեպքի վայր մեկնած ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության օպերատիվ խումբը, տաք հետքերով ձեռնարկած միջոցառումների արդյունքում, Մարտունի փողոցից նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկել անսթափ վիճակում գտնվող 2 քաղաքացու՝ Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ Տ.Հ.-ին (ծնված 1983թ.) և Ա. Ա.-ին (ծնված 1981թ.):
«Ոստիկանության ծառայողները պարզել են, որ գիշերը ժամը 03:00-ի սահմաններում, նախնական համաձայնությամբ և ոգելից խմիչքների ազդեցությամբ՝ վերջիններս ներկայացել են նախագահի նստավայր և կրակոցներ արձակել շենքի և տարածքում ծառայություն իրականացնող անվտանգության աշխատակիցների ուղղությամբ»,- հայտնում են գերատեսչությունից:
Ըստ հաղորդագրության՝ նախապատրաստված նյութերն ուղարկվել է Արցախի քննչական կոմիտե։ Փաստի կապակցությամբ ՔԿ-ում հարուցվել է քրեական գործ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







