Բացի տեղեկատվական ակտիվությունից առաջնագծի որոշ ուղղություններով կա ադրբեջանական ակտիվություն, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Բացի տեղեկատվական ակտիվությունից առաջնագծի որոշ ուղղություններով կա ադրբեջանական ակտիվություն, որը դրսևորվում է ոչ միայն հրադադարի ռեժիմի խախտման ծավալի աճով, այլ նաև որոշակի շարժերով»,- ասաց նա։
Աբրահամյանը նշել է, որ այդ ակտիվությունը հատկապես մեծացել է Արցախի հարցով ՀՀ-ի կողմից ՄԱԿ-ի ԱԽ դիմելուց հետո։
«Ադրբեջանական լրատվամիջոցները ոչ պաշտոնական ձևով այն սկսեցին արձանագրել որպես բանակցային գործընթացի տորպեդահարում և նույնիսկ բանակցային գործերից դուրս գալ։ Դրանք այն լրատվամիջոցներն են, որոնք գտնվում են ադրբեջանական իշխանությունների ուղիղ վերահսկողության ներքո և ակնհայտ է, որ դա արտահայտում է նաև պաշտոնական քաղաքական գիծը»,- նշեց Աբրահամյանը։
Որպես ադրբեջանական ակտիվության սրացման 2-րդ հանգամանք պատգամավորը նշել է Արցախում ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով, որ Ադրբեջանի պլաններն ու հաշվարկները չեն իրագործվում։
«Նույնիսկ այսօրվա ստեղծված ծանր իրավիճակում՝ ակնհայտորեն անմարդկային պայմաններում, մարդիկ (արցախցիները) իրենց նպատակները, սկզբունքները պահելու համար, իրենց գոյությունը պաշտպանելու համար, փաստացի, թքած ունեն ամեն ինչի վրա՝ ինչ է արտահայտում միջազգային հանրությունը, ինչ քայլերի է դիմում Ադրբեջանը, ինչպիսի լուռ համաձայնությամբ են այդ ամեն ինչի համար կանաչ լույս վառում հայաստանյան իշխանությունները։ Սա, բնականաբար, հունից հանում է Ադրբեջանին»,- ասաց նա։
Աբրահամյանը նշեց, որ Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացը մեծ խոչընդոտներ է ստացել։
«Մի կողմից կա ադրբեջանական առավելապաշտություն՝ հասնել ամեն ինչի, ամեն գնով և կա Հայաստանի իշխանությունների կողմից որոշակի մտավախություն առ այն, որ շարունակվող այդպիսի մեծաթիվ կորուստները և խոստումները կարող են Հայաստանում նոր իրավիճակ ստեղծել, ինչը նրանց համար կարող է իշխանության գին ունենալ»,- հավելեց պատգամավորը։
Օգոստոսի 14-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ին ուղղված Հայաստանի դիմումը Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը քննարկելու համար Անվտանգության խորհրդի նիստ անցկացնելու խնդրանքով անվանել է «Անվտանգության խորհուրդը սեփական մանիպուլյացիաների գործիք դարձնելու փորձ»։
ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈւ-ն մեծ քանակությամբ զենք, ռազմական տեխնիկա և անձնակազմ է կենտրոնացրել հայ-ադրբեջանական սահմանին, չի համապատասխանում իրականությանը, ինչպես նաև գերատեսչությունը հերքել է Բաքվի հաղորդագրությունն ադրբեջանական դիրքերի գնդակոծման մասին։ Զուգահեռաբար Արցախի ՊՆ-ն հերքել է շփման գծի տարբեր ուղղություններում ՊԲ կողմից զինտեխնիկա կուտակելու մասին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







