Հայաստանի կառավարությունը ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախի համար մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարներն անցկացնելու համար Բաքվից թույլտվություն է խնդրել, Associated Press-ին հայտնել է ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը:
Նա հավելել է, որ Հայաստանը մանրամասն տեղեկություններ է տրամադրել բեռնատարների պարունակության մասին, սակայն, իր խոսքով, Ադրբեջանից դեռ պատասխան չկա։
«Ցավոք, Ադրբեջանը, օգտվել իրավիճակից, կողմից մանիպուլյացիայի բազմաթիվ փորձեր է արել։ Մենք պարզապես հույս ունենք, որ այդ մարդասիրական նախաձեռնությունը կընկալվի հենց որպես մարդասիրական, և որ հնարավոր կլինի փոխանցել բեռը»,-ընդգծել է նա։
Գործակալությունը նշել է, որ սահմանամերձ Կոռնիձորում արդեն երկու շաբաթ է՝ Հայաստանից 19 բեռնատար է կանգնած, որոնք լցված են Արցախի բնակիչների համար նախատեսված մոտ 360 տոննա դեղորայքով և սննդով:
Լրագրող Էբի Սյուելը The Associated Press-ի հոդվածում հիշեցրել է Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի զեկույցը՝ Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի դեմ ցեղասպանություն իրականացնելու Ադրբեջանի մտադրության վերաբերյալ:
«Սովը ցեղասպանության անտեսանելի զենքն է։ Առանց անհապաղ արմատական փոփոխությունների՝ հայերն Արցախում մի քանի շաբաթվա ընթացքում կոչնչացվեն»,-զեկույցից մեջբերել է հոդվածագիրը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը Associated Press-ի մեկնաբանության մեջ Օկամպոյի գնահատականը «կողմնակալ» է անվանել:
«Զեկույցը խեղաթյուրում է իրական իրավիճակը տեղերում և իրենից ներկայացնում է լուրջ փաստական, իրավական սխալներ»,- նշեց նա:
Գործակալությունը մատնանշել է նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի բողոքներն առ այն, որ շրջափակման ժամանակ չի հաջողվել մարդասիրական օգնությամբ բեռներ հասցնել Արցախ, թեև կազմակերպությանը թույլատրվել է սահմանափակ թվով հիվանդների տարհանել Հայաստան՝ բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով:
Արցախի նախագահը հուլիսի 29-ին Օկամպոյին ուղարկված նամակում խնդրել էր տրամադրել փորձագիտական կարծիք այն մասին, թե արդյոք Արցախի խորացող շրջափակումը ցեղասպանություն չէ: Ավելի ուշ՝ հուլիսի 31-ին, նախկին դատախազը խոստացել էր ուսումնասիրել հարցը և տալ իր եզրակացությունը։
2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելել է Լաչինի միջանցքով հումանիտար փոխադրումները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







