Հայաստանի Հանրապետությունն իրավասություն չունի և չի կարող Լեռնային Ղարաբաղ բեռներ տեղափոխելու այլ ճանապարհների հետ կապված հարցեր քննարկել, ԶԼՄ-ների հարցերին ի պատախասխան՝ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նա այսպես է արձագանքել՝ անդրադառնալով ադրբեջանական կողմի այն պնդումներին, թե հուլիսի 15-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից հետո այլ ճանապարհներով ԼՂ բեռների տեղափոխումն ապահովելու շուրջ համաձայնություն է ձեռք բերվել։
«Հատկանշական է, որ միջազգային գործընկերներն իրենց հանրային հայտարարություններում ևս ընդգծել են, որ Լաչինի միջանցքի արգելափակման վերացումն այլընտրանք չունի և որ այլ ճանապարհներին զանազան անդրադարձերը չեն կարող դիտվել որպես այլընտրանք Լաչինի միջանցքի արգելափակման վերացմանը, որն Ադրբեջանի ուղղակի պարտավորությունն է»,-հնշել է Միզրոյանը։
Միրզոյանն անդրադարձել է նաև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Մոսկվայում կայացած եռակողմ բանակցություններից հետո ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը։
Դիտարկմանը, թե Լավրովի խոսքից հասկացվում է, որ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների թեման բանակցությունների ընթացքում կապվել է Հայաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության թեմային՝ Միրզոյանը մասնավորապես նշել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման խնդիրը մշտապես եղել է ԼՂ հակամարտության անկյունաքարը։
«Լեռնային Ղարանաղի հայերի՝ տեղի բնիկ ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովման խնդիրն իր խորքային բովանդակությամբ ամբողջապես տարբերվող և որևէ զուգահեռ չունեցող հիմնահարց է։ Այն որևէ կերպ չի կարող փոխկապակցվածություն ունենալ այլ, այդ թվում և՝ Հայաստանի Հանրապետությունում «բնակվող քաղաքացիների» (ՌԴ արտգործխնախարարի բառերով)՝ միջազգային պարտավորություններով նախատեսված և ՀՀ կողմից լիարժեքորեն ապահովվող իրավունքների թեմայի հետ։ Ըստ այդմ, մոսկովյան վերջին եռակողմ հանդիպման ընթացքում այս տրամաբանությունից դուրս քննարկում և առավել ևս համաձայնություն չի եղել»,-հավելել է նախարարը։
Հուլիսի 25-ին Մոսկվայում հանդիպել են ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարները։ Հանդիպման արդյունքներն ամփոփելով՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել էր, որ «հայկական կողմը հասկանում է Լեռնային Ղարաբաղի հայերին համոզելու անհրաժեշտությունը, որպեսզի հնարավորինս շուտ հանդիպեն Ադրբեջանի ներկայացուցիչների հետ՝ համաձայնեցնելու համապատասխան օրենսդրությունից և միջազգային պարտավորություններից (այս դեպքում՝ Ադրբեջանի) բխող իրավունքները, ներառյալ ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման բազմաթիվ կոնվենցիաները»։ Նա նշել էր, որ «ադրբեջանական կողմը պատրաստ է փոխադարձ հիմունքներով նույն երաշխիքները տրամադրել իր տարածքում ապրող անձանց նկատմամբ, հայերը պատրաստ են նույնը անել Հայաստանի Հանրապետությունում բնակվող քաղաքացիների նկատմամբ բոլոր կոնվենցիաների կիրառման հարցում»։
Հուլիսի 15-ին Բրյուսելում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, որից հետո Եվրոպական խորհրդի ղեկավարը հայտարարել է, որ խրախուսում է Ադրբեջանի՝ Աղդամի միջոցով մարդասիրական մատակարարումներ իրականացնելու պատրաստակամությունը։ ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը հերքել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությունը, թե Բրյուսելում կայացած բանակցություններում պայմանավորվածություն է ձեռք բերվել Աղդամով անցնող ճանապարհի օգտագործման վերաբերյալ։
Հավելենք, որ ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը հուլիսի 27-ին հայտարարել էր, որ եթե Հայաստանն «իսկապես աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը», ապա «չպետք է առարկի Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով բեռների փոխադրման դեմ և չպետք է խոչընդոտի վերաինտեգրման գործընթացին»։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր վերջին՝ մայիսի 22-ի մամուլի ասուլիսում հայտարարեց, որ պատրաստ է ընդունել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86 600 քառակուսի կիլոմետր տարածքով, որի մեջ մտնում Է Արցախը, ինչպես նաև անկլավները՝ Տավուշի գյուղերը և Տիգրանաշենը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






