Կա դատարանի որոշում Լաչինի միջանցքը բացելու, սակայն Շառլ Միշելը ողջունում է Ադրբեջանի՝ Աղդամով ճանապարհ տրամադրելու պատրաստակամությունը, սա խայտառակություն է, լրագրողի հետ զրույցում նման հայտարարություն է արել Արցախի նախագահի խորհրդական, ԱՀ ԱԳ նախկին նախարար Դավիդ Բաբայանը։
«Շառլ Միշելի վերջին հայտարարությունը լի է սարսափելի և անընդունելի ձևակերպումներով, հասկանո՞ւմ եք սա ընդհանրապես խայտառակ երևույթ է։ Փոխանակ ճնշեն, ասեն Լաչինը բացեք, կա միջազգային դատարանի որոշում․ Աղդամի մասին հետո է պետք խոսել։ Այսինքն ո՞նց եք պատկերացնում՝ Արցախը պե՞տք է հրաժարվի Հայաստանի հետ կապից և միանա Ադրբեջանի՞ն։ Այսօր աշխարահաքաղաքականությունը մնացել է «մերկ», նա հանել և շպրտել է բոլոր «շորերը՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, արդարություն» »,- ասել է նա։
Բաբային խոսքով՝ սակայն, դա չի նշանակում, որ ամեն ինչ կորած է, պարզապես մենք պետք է ճիշտ պատկերացնենք իրավիճակը։
«Ամենակարևորը՝ որևէ մեկին չպետք է մեղադրենք, ո՛չ Եվրոպային, ո՛չ նույնիսկ Թուրքիային և Ադրբեջանին, հատկապես, որևէ մեկին որևէ պահանջ չպետք է ներկայացնենք, բացի ինքներս մեզանից։ Ի վերջո, Երևանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիմնավորում չկա և չի կարող լինել։ Սա ուղղակի խայտառակություն է և Ադրբեջանի ագրեսիայի արտոնագիր։ Այո, հայոց պետականության համար եկել է «աշխարհաքաղաքական դատաստանի օրը»»,- հավելել է Բաբայանը։
Հուլիսի 15-ին Բրյուսելում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։
Հանդիպման ավարտից հետո Եվրոպական խորհրդի ղեկավարը հայտարարել է, որ խրախուսում է Ադրբեջանի՝ Աղդամի միջոցով մարդասիրական մատակարարումներ իրականացնելու պատրաստակամությունը։
ՀՀ կառավարությունը հայտնել է, որ որ հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված խորացող հումանիտար ճգնաժամը, երկու երկրների միջև սահմանազատման և սահմանային անվտանգության ապահովման աշխատանքները, ինչպես նաև ձեռք է բերվել պայմանավորվածություն ակտիվացնել աշխատանքները քննարկված հարցերի կարգավորման ուղղությամբ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







