Երախտապարտ ենք ԼՂ-ի և ՀՀ-ի անվտանգային մարտահրավերներին դիմագրավելու հարցում աջակցության համար, Ազգային տոնի առթիվ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ուղղված շնորհավորական ուղերձում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում է ՀՀ կառավարությունը։
«Երախտապարտ ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի արդարացի և տևական կարգավորման գործընթացում Ձեր կողմից գործադրվող նշանակալի և շարունակական ջանքերի և Հայաստանի առջև ծառացած անվտանգային մարտահրավերներին դիմագրավելու ուղղությամբ Ձեր կարևոր աջակցության համար։ Առանձնահատուկ արժևորում ենք Ֆրանսիայի ուշադրությունն ու ջանքերը Լեռնային Ղարաբաղի վտանգված պատմամշակութային ժառանգության պահպանության հարցում»,- ասված է ուղերձում։
Վարչապետի խոսքով՝ Հայաստանը բարձր է գնահատում մեր երկու պետությունների միջև հաստատված առանձնաշնորհյալ հարաբերությունները, ինչի վառ դրսևորումներն են բարձրաստիճան քաղաքական սերտ երկխոսությունն ու բոլոր ոլորտներում դինամիկ զարգացող փոխգործակցությունը։
«Ավելի քան երկու դար առաջ՝ 1789 թվականի հուլիսի 14ին ֆրանսիացիները, համախմբվելով ազատության, հավասարության և եղբայրության արժեքների գերակայության վեհ գաղափարների շուրջ, համաժողովրդական կամքի հաղթանակն ամրագրեցին համաշխարհային պատմագրության էջերում և Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագրով ժամանակակից աշխարհի համար ուրվագծեցին հիմնարար ազատությունների և ժողովրդավարության ուղին»,- նշել է Փաշինյանը։
Նա ընդգծել է, որ Ֆրանսիայի դավանած՝ համամարդկային նշանակություն ունեցող բարձր արժեքները ոգեշնչման աղբյուր են հանդիսացել նաև Ֆրանսիայում ապաստան գտած՝ Հայոց ցեղասպանությունից փրկված բազմաթիվ հայորդիների համար։ Փաշինյանը շեշտել է, որ հանուն Ֆրանսիայի և նրա ազատության, հանուն համամարդկային արժեքների պաշտպանության սեփական կյանքը նվիրաբերած Միսաք Մանուշյանը լավագույնս է մարմնավորում Ֆրանսիայի հանդեպ հայ ժողովրդի շնորհակալ վերաբերմունքն ու ազատության համար մաքառման նրա արդար մղումները։
«Օգտվելով առիթից՝ երախտագիտություն եմ հայտնում Դիմադրության շարժման հերոս Միսաք Մանուշյանի աճյունը Պանթեոն տեղափոխելու՝ Ձեր պատմական որոշման համար։ Այն մեծագույն պատիվ է ողջ հայ ժողովրդի համար, քանզի Մանուշյանը և նրա զինակիցները բռնատիրության դեմ հաղթանակի ճանապարհին Ֆրանսիայի աննկուն պայքարի խորհրդանիշ դարձան:
Վերստին շնորհավորելով Ձեզ Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ՝ մաղթում եմ հաջողություններ Ձեր կարևոր առաքելությունում և վերահաստատում պետական այցով առաջիկայում Հայաստանում Ձեզ հյուրընկալելու իմ հրավերը»,- նշել է Վարչապետը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






