ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույց է ունեցել, որի ընթացքում ընդգծել է Լաչինի միջանցքով ազատ տարանցման կարևորությունը, հայտնել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։
«Բլինքենն այսօր խոսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Նա շեշտել է ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը հայ-ադրբեջանական խաղաղ բանակցություններում, ընդգծել բանակցություններում ստեղծագործական մոտեցման, ճկունության և փոխզիջման անհրաժեշտության մասին։ Պետքարտուղար Բլինքենն ընդգծել է Լաչինի միջանցքով առևտրային, հումանիտար և մասնավոր տրանսպորտային միջոցների ազատ տարանցման կարևորությունը»,-նշել է Միլլերը։
Բլինքենը նաև նշել է, որ երկու կողմերի համար երկարաժամկետ և արժանապատիվ խաղաղության ճանապարհին կարևոր է «բանակցություններում պահպանել դրական դինամիկան»,-ասել է նա։
Հուլիսի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսացրույցի ընթացքում քննարկել է Բաքու-Ստեփանակերտ երկխոսության անհրաժեշտությունը։ Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի խորացմանը և այն հաղթահարելու անհրաժեշտ քայլերին:
2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը:
Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելել է Լաչինի միջանցքով հումանիտար փոխադրումները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






