ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր գործով դատական նիստից հետո պատասխանել է Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ լրագրողների հարցերին։ Երկրի նախկին նախագահը Արցախի հարցում առաջընթացը կապել է հայ բանակցողների փոփոխության հետ։
«Չեմ կարծում, որ վիճակն անելանելի է, վիճակը կարող է փոխվել, եթե փոխվեն բանակցողները։ Ես երեկ ուշադիր լսել եմ Վարդան Օսկանյանի առաջարկները և կարծում եմ՝ դրանք տրամաբանական և իրականացնելի են։ Իհարկե, ծանր է վիճակը, դժվարությունները շատ են, խնդիրները մեծ են, բայց չեմ համարում, որ անելանելի վւճակ է»,- ասել է Սարգսյանը։
Սերժ Սարգսյանը ներգրավված է «Դիզվառելիքի դեպքով» քրեական գործում, որը հարուցվել է 2019-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով յուրացման կամ յուրացմանն աջակցելու համար, սակայն ՀՀ նախկին նախագահն իրեն մեղավոր չի ճանաչում։ Նույն գործով ներգրավված են նաև «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը և գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության վարչության նախկին պետ Գևորգ Հարությունյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






