ԵԽԽՎ «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովում» բանաձևը երկարաժամկետ հեռանկարում կուժեղացնի Ադրբեջանի վրա ճնշումը, մամուլի ասուլիսում ասել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։
Միջազգային դատարանների որոշումները, միջազգային կազմակերպությունների որոշումները, ըստ նրա, պետք է դիտարկել որպես մեկ ընդհանուր գործընթացի մասեր, որոնք լրացնում են միմյանց։ «Միջազգային այս կամ այն կառույցի ոչ մի առանձին որոշում չի լուծի մեր խնդիրները, բայց մենք պետք է մեծացնենք ճնշումը միջազգային կազմակերպություններում»,- նշել է նա։
ԵԽԽՎ բանաձևը, մասնավորապես, կարող է օգտագործվել դատական գործընթացներում։ «Դժվարանում եմ ասել, թե կարճաժամկետ հեռանկարում ինչ օգուտ կբերի բանաձևը, բայց երկարաժամկետ հեռանկարում այն կավելացնի մեր գործիքները Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու հարցում՝ թե՛ ընդհանուր առմամբ, թե՛ ԵԽԽՎ շրջանակներում»,- ասել է Ռուբինյանը։
Նա ԵԽԽՎ ամառային նստաշրջանի գլխավոր իրադարձությունն անվանել է Լաչինի միջանցքի վերաբերյալ բանաձևի ընդունումը։ Միջազգային այս կազմակերպությունը, ըստ նրա, հստակ արձանագրել է, որ ներկայումս Լաչինի միջանցքում չկա ազատ և անվտանգ տեղաշարժ, բանաձևը արձանագրել է նաև Լեռնային Ղարաբաղում նրա շրջափակման հետևանքով ստեղծված մարդասիրական խնդիրները և մտահոգություն է հայտնել Ադրբեջանի իշխանությունների թշնամական հռետորաբանության վերաբերյալ։
Ռուբինյանը տեղեկացրել է նաև, որ մերժվել են ադրբեջանական պատվիրակության կողմից բանաձևում շուրջ 60 ուղղում մտցնելու գրեթե բոլոր փորձերը։
Հունիսի 22-ին ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունել էր «Լաչինի միջանցքով ազատ անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը և խորհրդատվությունները։ Բանաձևը հիմնականում անդրադառնում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար և մարդու իրավունքների հետևանքներին, ընդգծվում է Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելության հրատապ գործուղման անհրաժեշտությունը, կոչ է արվում Ադրբեջանին անհապաղ կատարել ՄԻԵԴ և Արդարադատության միջազգային դատարանի որոշումները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







