Երևանի Ղազար Փարպեցու փողոցում գիշերը հնչած կրակոցի և խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, մեկ անձ ձերբակալվել է, հայտնում է ՀՀ ՔԿ-ն։
«2023թ. հունիսի 24-ին՝ ժամը 00:24-ի սահմաններում, Երևան քաղաքի Ղազար Փարպեցու փողոցի 11Ա հասցեի մոտ հնչած կրակոցի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի եւ այլ նյութերի,սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունըսարքերի, առարկաների ապօրինի շրջանառութ), 297-րդ հոդվածի 3-րդ մասով (Խուլիգանությունը) և 167-րդ հոդվածի 1-ին մասով (Առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը): Վարույթի շրջանակներում, հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, վիճաբանության մասնակիցներից մեկը ձերբակալվել է»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ նախնական տվյալներով՝ երկու տղամարդու միջև վիճաբանությունը ծագել է անձնական հարցերի շուրջ։
«նախնական տվյալներով՝ երկու տղամարդու միջև անձնական հարցերի շուրջ ծավալված վիճաբանության արդյունքում նրանցից մեկը հարվածներ է հասցրել մյուսին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Այդ ընթացքում հնչել է կրակոց, նախնական տվյալներով, որսորդական հրացանից։ Դեպքի վայրում հայտնաբերվել է 1 հատ 12մմ տրամաչափի կրակված պարկուճ։ Տղամարդկանցից մեկը վնասվածքներով տեղափոխվել է «Հերացի թիվ 1» ԲԿ. նախնական տվյալներով՝ ստացած վնասվածքները հրազենային չեն»,- նշված է ՔԿ հաղորդագրության մեջ։
Գերատեսչության փոխանցմամբ՝ նշանակվել են դատաբժշկական, ինչպես նաև՝ դատաձգաբանական փորձաքննություններ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Փարպեցու 11Ա հասցեի մոտ կրակոցներ են հնչել։ Ժամը 01։30-ի սահմաններում Մխիթար Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից էլ ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







