ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը մեկնաբանել է Հակարի կամրջի մոտ հունիսի 15-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի կողմից հունիսի 21-ին տրված ձևակերպումները՝ հայտարարելով, որ ռուսական կողմի մեկնաբանության մեջ բացահայտ հակասություն կա, տեղեկանում ենք ԱԳՆ-ից։
«Հունիսի 15-ի միջադեպը տեղի է ունեցել ոչ թե Լաչինի միջանցքում, ինչպես նշում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, այլ ՀՀ ինքնիշխան տարածքում՝ Հակարի կամրջի հայկական կողմում։ Ռուսական կողմի մեկնաբանության մեջ կա բացահայտ հակասություն: Եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման բացակայության պատճառով հնարավոր չէ հստակ ասել, թե որտեղով է անցնում սահմանագիծը, և դա է շարունակական խնդիրների պատճառը, ինչպես պնդում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, ապա հարց է առաջանում, թե ի՞նչ հիմքով և սկզբունքով էր հունիսի 15-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի կոնկրետ այդ հատվածում՝ կամրջի այս կողմում տեղադրվում ադրբեջանական դրոշ։ Ի դեպ՝ այդ նույն թեզը պարբերաբար բառացիորեն կրկնում է ադրբեջանական կողմը` ՀՀ սահմանների նկատմամբ ագրեսիվ գործողություններ իրականացնելիս և ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելիս»,-նշել է նա։
Բադալյանը շեշտել է նաև, որ պարզ չէ, թե ինչու էին Ադրբեջանի այդ գործողությանը մասնակցում ՌԴ խաղաղապահները, երբ գործողության թե՛ նպատակը, թե՛ անգամ վայրն ակնհայտորեն դուրս էին խաղաղապահների գործառույթների շրջանակից և պատասխանատվության գոտուց։
«Հիշեցնում ենք, որ այդ հատվածում ռուս խաղաղապահների միակ վերաբերելի գործառույթը Լաչինի 5 կմ լայնությամբ միջանցքը վերահսկողության տակ պահելն էր։ Ցանկանում ենք կոչ անել 2020թ. նոյեմբերի 9-ի և Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունված մյուս եռակողմ հայտարարությունները ստորագրած կողմերին արդարացումներ փնտրելու փոխարեն անշեղորեն իրականացնել ստանձնած հանձնառությունները»,-հայտարարել է նա՝ հիշեցնելով, որ հունիսի 15-ի միջադեպից հետո ադրբեջանական կողմն ամբողջապես արգելափակել է Լաչինի միջանցքը։
Հունիսի 21-ին Մարիա Զախարովան հայտարարել է, որ Լաչինի միջանցքում տեղի ունեցած միջադեպը կապված է հայ-ադրբեջանական սահմանազատված սահմանի բացակայության ընդհանուր խնդրի հետ։ Նա շեշտել է, որ ռուս խաղաղապահներին ուղղված մեղադրանքները բացարձակապես անհիմն են։
Հունիսի 15-ին Ադրբեջանի կողմից արգելվել են բոլոր հումանիտար փոխադրումները Լաչինի միջանցքով։
Սահմանին առկա լարվածությունը մեծացել է այն բանից հետո, երբ ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայությունը հունիսի 15-ի առավոտյան հայտնել է, որ հայկական ստորաբաժանումները կանխել են ադրբեջանցի զինծառայողների՝ Հակարի կամրջի ուղղությամբ առաջ շարժվելու փորձը։ Նրանք Հայաստանի տարածքում Ադրբեջանի դրոշը տեղադրելու նպատակ ունեին: Ավելի ուշ համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ ադրբեջանցիները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ փորձում են Հայաստանի տարածքում տեղադրել Ադրբեջանի դրոշը: Նույն օրը՝ հունիսի 15-ին՝ ժամը 11:45-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ։ Միջադեպի հետևանքով վիրավորվել է ՀՀ ԱԱԾ սահմանապահը: Հունիսի 15-ին Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր նաև Կապանի շրջանում ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի հարձակման մասին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






