Զանգեզուրի միջանցքի հարցում խնդիրը ոչ թե Հայաստանից է գալիս, այլ Իրանից, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է Անադոլու գործակալությունը։
«Թեհրանի դիրքորոշումը վշտացնում է Բաքվին և Անկարային։ Իրականում՝ իրավիճակը պետք է անհանգստացնող լինի նաև նրանց [Իրանի] համար»,- Էրդողանի խոսքերն է մեջբերում են գործակալությունը։
Թուրքիայի նախագահի խոսքով՝ տարածաշրջանային հաղորդակցություններին դրական մոտեցմամբ հնարավոր է ձևավորել Թուրքիա-Ադրբեջան-Իրան միասնական երկաթուղային և ճանապարհային ցանց, հնարավոր կլինի բացել նաև Պեկին-Լոնդոն երթուղին։
Բացի այդ, Էրդողանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին այցն Անկարա անվանել է «կարևոր քայլ», հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։
«Դրական արձագանքելով թուրքական կողմի հրավերին՝ Փաշինյանը հաղթահարել է բազմաթիվ խոչընդոտներ և ընդդիմադիր տրամադրություններ իր երկրում։ Ես առիթ ունեցա հակիրճ շփվելու նրա հետ արարողության ժամանակ։ Ես երախտագիտություն հայտնեցի Թուրքիա ժամանելու կապակցությամբ»,- ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Ավելի վաղ կառավարությունը հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել է Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։ Հայաստանի վարչապետը հունիսի 3-ին մասնակցել էր Էրդողանի երդմնակալության արարողությանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







