Մեր տարածքում անկլավներ չկան, կան տարածքներ, որտեղ խորհրդային տարիներին ապրել են մահմեդականներ, Armenia Today-ի հետ զրույցում ասաց Ոսկեպարի բնակիչ Թաթուլ Սիրադեղյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս են գնահատում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ ադրբեջանական անկլավներ համարվող գյուղերի վերաբերյալ:
«Մեր գյուղը այդ տարածքների մեջ չի մտնում»,- ասաց նա:
Հարցին, թե ինչպիսի՞ն է ընդհանուր տրամադրությունը գյուղում և այս թեման քննարկվե՞լ է, աջակցո՞ւմ են վարչապետին, Ոսկեպարի բնակիչը նշեց. «Քանի որ անկլավներ չկան, չկա նաև հողերը հանձնելու հարց, ուստի չենք կիսում այսօրվա շրջանառվող կեղծ թեզերը»:
Ըստ նրա՝ ինչ լուծում էլ լինի, պետք է առաջինը լինի Հայաստանի շահերին համահունչ ու հաշվի առնվի տարածաշրջանի բնակիչների շահերը:
Հարցին, թե եթե գա հանձնելու պահը և ստիպված նման որոշում կայացվի, ի՞նչ գործողություններ եք անելու, Թաթուլ Սիրադեղյանը պատասխանեց. «Եթե-ներով չեմ ցանկանում խոսել»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով իր՝ մայիսի 22-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ արված հայտարարությունն ասել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը դեռ չեն պայմանավորվել խորհրդային ժամանակաշրջանի անկլավների պատկանելության հարցում:
Նրա խոսքով՝ հարցն այն է, թե անկլավների հարցն ինչ համատեքստում ենք դիտարկում՝ պատերազմի՞, թե՞ խաղաղության:
«Եթե դիտարկում ենք խաղաղության համատեքստում, ապա անկլավների հարցն այնքան էլ ծանր չէ»,- ասել էր Փաշինյանը: Նրա խոսքով՝ այն բնակավայրերը, որոնք գտնվում են սահմանից այն կողմ, կմնան այն երկրի տարածքում, իսկ որոնք այս կողմում են՝ կմնան մեր երկրի տարածքում:
Դիտեք Armenia Today-ի ռեպորտաժը Տավուշի մարզի այն բնակավայրերից, որոնք Ադրբեջանը համարում է անկլավներ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






