Ի՞նչ նկատի ունենք ասելով, որ ես Արցախը հանձել եմ՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությո՞ւնը, թե՞ այն, որ միչև պատերազմը որևէ բան չեմ արել պատերազմին պատրաստվելու համար: Հողը Դուք եք հանձնել, որ հաղթանակած հողը թողել եք, եկել երջանիկ կյանքով ապրում եք Պրահայում: Այս մասին մայիսի 5-ին, Չեխիայի Հանրապետության հայ համայնքի հետ հանդիպմանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան հարցին, թե հողերը զիջելու պարագայում ինչո՞ւ իր պաշտոնը չի թողնում առավել խելացի մարդկանց։ ՀՀ վարչապետն ասաց, որ այդ խելացի մարդիկ կարող են մասնակցել ընտրություններին և կառավարեն երկիրը:
«1994թ. մենք պատրազմում հաղթանակ ենք արձանագրել, դրանից հետո Հայաստանի և Ղարաբաղի բնակչության թիվը նվազել է, Ադրբեջանինը՝ կրկնապատկվել։ Դուք ասում եք՝ Արցախը հանձեցիք, շատ լավ։ Ես Արցախը չեմ հանձնել, ես 2018 թվականից արել եմ ամեն ինչ, որ Պաշտպանության բանակը պատրաստ լինի պատերազմի։ Եկեք շատ առանցքային խոսենք: Դուք ասում եք` խելոք մարդիկ կան, որ կարող են երկիրը կառավարել: Հայաստանը ժողովրդավարական երկիր է և իշխանությունը ձևավորվում է ընտրություններով: Այդ խելոք մարդիկ ինչո՞ւ չեն գալիս մասնակցեն ընտրություններին և ղեկավարեն»,- նշեց Փաշինյանը:
Վարչապետի խոսքով` բանակցային ողջ ընթացքում հողերի զիջումը եղել է առանցքային խնդիր։
«Եթե Ձեզ որևէ մեկը կասի, որ ինքը հող չէր զիջելու, սուտ կասի, բացարձակ սուտ։ Ես նոյեմբերի 9-ի հայտարարությունն ստորագրել եմ՝ հասկանալով, որ հակառակ պարագայում 30 հազար զինվոր գերի է մնալու։ Ասում եք՝ հողերը հանձնել եք, 30 տարի քանի՞ մարդ էր ապրում այդ հողի վրա։ Ի՞նչ ավելացված հարկ էր ստեղծվում մեր զինվորի համար այդ հողերի վրա։ Գրեթե ոչինչ: Ի վերջո` հայրենիքն այն է, որտեղ ապրում ես: Մեր խնդիրն այն է, որ մենք մի տեղ ապրել ենք, մի ուրիշ տեղ հայրենիք ենք համարել»,- ասաց Փաշինյանը։
Նա Չեխիայում ապրող մեր հայրենակցին հորդորեց վերջ տալ հայրենիքը հեռվից սիրելու սովորությանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







